Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը

Սեպտեմբերի 15-ին Տաջիկստանում անցկացվելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որի ժամանակ, ի թիվս այլ օրակարգային հարցերի, Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Նստաշրջանին մասնակցելու համար այսօր՝  սեպտեմբերի 14-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե են մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Տեղեկացնում են համապատասխան գերատեսչությունների մամուլի ծառայությունները:

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում անցկացվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության, արտաքին գործերի նախարարների և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարնեի համատեղ նիստը: Նույն օրն ավելի ուշ ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների մասնակցությամբ անցկացվելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որի ժամանակ մասնավորապես նախատեսվում է քննարկել Մոսկվայում 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել Կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը: Հենց նստաշրջանի ժամանակ էլ Հայաստանը մեկ տարով ստանձնելու է կազմակերպության նախագահությունը:

Հավաքական անվտանգության խորհրդի նիստում անցնող տարվա ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը ղեկավարած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը ներկայացնելու է տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքը: Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զեկուցելու է 2014-2015 թվականներին կազմակերպության գործունեության մասին: Տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

Ամփոփվելու են նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի՝ մայիսին Տաջիկստանում անցկացված զորավարժության արդյունքները: Քննարկվելու են ՀԱՊԿ հավաքական ուժերի ղեկավարման, զորքերի տեղափոխման կազմակերպման, ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցության և այլ հարցեր:

Դրանից հետո սպասվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՀԱՊԿ առաջիկա նախագահության հետ կապված: Նախագահը ներկայացնելու է ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 7-ին՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում ներկայացնելու է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունն ու ադրբեջանական սադրանքները:

«Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ», — նշել է նախագահ Սարգսյանը:

Նշենք, որ ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելուց հետո՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը, Հայաստանում անցկացվելու է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն 2015» զորավարժությունը՝ ՀԱՊԿ անդամ 6 պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ:

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին:

ՀԱՊԿ կազմում ներկայում գործում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

One response to “Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *