Իրադրությունը Սիրիայում, 20 հուլիսի. թարմացվող լրահոս

17:08 ՌԻԱ-Նովոստին հաղորդում է, որ Ռուսական բեռնատար նավը, որը տեղափոխում էր Սիրիայի համար նախատեսված երեք Մի-25 մարտական ուղղաթիռները, դրանք բեռնաթափել է Կալինինիգրադի Բալիտիսկ նավահանգստում:

Հիշեցնենք, որ Սիրիական ուղղաթիռները վերանորոգվել էին Ռուսաստանում եւ հունիսին պետք է վերադարձվեին Սիրիային: Ալաիդ նավը առաքումը չկատարեց, քանի որ բրիտանական Standard Club ապահովագրական ընկերությունը նավի ապահովագրությունը կասեցրել էր:

16:18 Ապստամբները ամբողջովին դուրս են մղվել Դամասկոսի Միդան թաղամասից: Սիրիական պաշտոնական աղբյուրների նախապես տարածած այս տեղեկությունը հաստատել են ապստամբները: Ռոյթըր գործակալության հաղորդման համաձայն, ապստամբ ջոկատներից մեկի ղեկավար Աբու Օմարը հայտնել է, որ դա «տակտիկական քայլ է»` միաժամանակ նշելով, որ իրենք անզոր են կառավարական զրահամեքենաների առջև: Ավելի վաղ այս տեղեկությունը հաղորդել էր նաև ANNA-NEWS.info կայքի` Դամասկոսում գտնվող լրագրող Օլգա Կուլիգինան:

Ապստամբները շատ ակտիվ էին Միդան թաղամասում, որտեղ և ընթանում էին վերջին օրերի հիմնական ռազմական գործողությունները: Սիրիայի պաշտոնական աղբյուրները նշում են, որ տեղահանված բնակիչները վերադառնում են:

Ըստ Գարդիանի` ապստամբները դուրս են մղվել նաև սահմանամերձ Բաբ ալ-Հավայի շրջանից, որտեղ նրանք ամրացել էին հուլիսի 19-ի երեկոյան:

15:40 Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օռլովը հուլիսի 20-ին ասել էր, որ նախագահ Բաշար Ասադը պատրաստ է քաղաքակիրթ ճանապարհով իշխանությունը հանձնել: Պատասխանելով այն հարցին, թե չե՞ք կարծում, որ Ասադը դատապարտված է հեռանալու և դա ընդամենը ժամանակի հարց է, դիվանագետը, ըստ RFI ռադիոկայանի, պատասխանել է. «Անձամբ ես կիսում եմ ձեր տեսակետը: Կարծում եմ նրա համար դժվար կլինի մնալը»: Կարճ ժամանակ անց այս տեղեկությունը հերքել է Սիրիայի տեղեկատվության նախարարությունը` նշելով, որ դեսպանի մեկնաբանությունը «բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»:

Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հերքել է այն լուրը, թե Ասադի կինը թաքնվում է Մոսկվայում: «Ես չէի ցանկանա մեկնաբանել ասեկոսեները: Կարծում եմ` դա շատ անբարեխիղճ տեղեկատվական թակարդ է»,- ասել է պաշտոնյան և հավելել. «Եթե դուք ուշադիր հետևում եք մեր հեռուստաալիքներին, ապա կտեսնեք, թե ինչպես է ոչ անհայտ Անաստասիա Պոպովան դեպքերի վայրից ցույց տալիս այդ տեղեկատվական փուչիկների պայթելը. և նախագահ Ասադի, և նրա կնոջ ու ընտանիքի և այլնի վերաբերյալ»:

15:01 Հուլիսի 18-ին Դամասկոսում ահաբեկչության ժամանակ ծանր վիրավորված Սիրիայի հետախուզության պետ Հիշամ Բեխտյարը (Hisham Bekhtyar), ստացած վերքերից մահացել է, տեղեկացնում է Լիբանանի պետական հեռուստատեսությունը: Այսօր Սիրիայում անց են կացվում չորեքշաբթի օրը մահացած երեք բարձրաստիճան պաշտոնյաների թաղման արարողությանը:

11:05 Հուլիսի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում քվարկության է դրվելու նոր նախագիծ, ըստ որի` 45 օրով պետք է երակարացվի Սիրիայում ՄԱԿ դիտորդական մանդատը: Այս նախագիծը հուլիսի 19-ին ներկայացրել է Պակիստանը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ Ռուսաստանը կողմ կքվեարկի այդ նախագծին: «Պակիստանի ներկայացրած տեքստը լավն է և մենք պատրաստվում ենք սատարել այն»,- ասել է Չուրկինը: Քննարկվելու է նաև Մեծ Բրիտանիայի նախագիծը, որը նախատեսում է «վերջին անգամ» երկարաձգել ՄԱԿ-ի դիտորդների մանդատը և պահաջել, որ կառավարական զորքերը դուրս բերվեն բնակավայրերից:

* * *

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Դամասկոսը լքելու մասին տեղեկությունները չեն հաստատվել. հուլիսի 19-ին նա ընդունել է նորանշանակ պաշտպանության նախարար Ֆահադ Ջամիլ ալ-Ֆրեյջին:

Ռոյթըր գործակալությունը, հղում անելով ապստամբներից ստացած տեղեկությունների վրա, հայտնում է, որ ահաբեկչությունից հետո ապստամբների հարձակումները ակտիվացել են և նրանք հրդեհել են ոստիկանության շենքը, իսկ կառավարական ուժերի ներկայությունը նվազել է: Իրաքի պաշտոնյաները հաստատել են, որ ապստամբները վերահսկում են Աբու-Քամալ սահմանային անցակետը, որը Մերձավոր Ասիայի կարևոր առևտրային ուղիներից մեկն է: Ըստ գործակալության, ապստամբների հսկողության տակ է նաև Թուրքիայի հետ սահմանի Բաբ ալ-Հավա և Ջարաբլուզ հատվածները: Ապստամբներից մեկը հեռախոսով հայտնել է Ռոյթըրին, որ տեսել է, թե ինչպես են պայթել կառավարական զորքերի երեք մեքենաները. «Խալեդ բին ալ-Վալիդ փողոցում ես տեսա երեք դիակ, և բազմաթիվ վիրավորներ»,- ասել է ականատեսներից մեկը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *