Իրանին սպառազինություն վաճառելու արգելքը կարող է շարունակվել 2-8 տարի. ՏԱՍՍ

Իրանի նկատմամբ որոշ զինատեսակների էմբարգոն կարող է շարունակվել 2-ից մինչև 8 տարի և հանվել երկու փուլով: Առաջին փուլով Իրանին սպառազինություն չվաճառելու պահանջը կսառեցվի, հնարավոր կլինի նոր գործարքներ կնքել, իսկ արդեն երկրորդ փուլով էմբարգոն ընդհանրապես կհանվի, ինչը կտարածվի մինչ այս կնքված գործարքների վրա: Այս մասին հուլիսի 9-ին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցող պատվիրակություններից մեկի անդամը:

Իրանի և «վեցյակի» բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

Իրանի և «վեցյակի» բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

«Վեցյակի» և Իրանի բանակցությունների խնդրահարույց կետերից մեկը հենց սպառազինությունների էմբարգոն է, որի շուրջ, ըստ «ՏԱՍՍ»-ի աղբյուրի, կարող է շուտով ձեռք բերվել համաձայնություն:

Սպառազինությունների մատակարարման արգելքի հանմանը, Իրանից բացի, կողմ է նաև Ռուսաստանը: Այս կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ հուլիսի 9-ին, հայտարարել է, որ պետք է որքան հնարավոր է Իրանի վրայից հանել այդ էմբարգոն, քանի որ Իրանը հանդես է գալիս որպես ԻՊ դեմ պայքարող տարածաշրջանային պետություն, իսկ նոր սպառազինությունների մատակարարումն այդ պայքարում զգալիորեն կուժեղացեր Իրանին:

Սա կարող է պայմանավորված լինել նաև Ռուսաստանի՝ Իրանին սպառազինություն վաճառելու մտադրությունների հետ, քանի որ էմբարգոյի հանվելուց հետո զենքի բոլոր մատակարարների համար բացվելու է իրանական շուկան: Իսկ Ռուսաստանն արդեն ցույց է տվել, որ պատրաստակամ է Իրանին սպառազինություն մատակարարել, ինչպես Ս-300 համակարգեր դեպքում:

Հիշեցնենք, որ Իրանի հետ բանակցությունների ավարտի մոտենալու հետ Ռուսաստանը վերջերս որոշել էր կասեցնել Իրանին Ս-300 համակարգեր տրամադրելու գործարքի սառեցումը: Եվ ներկայում կողմերը բանակցում են, թե համակարգերի կոնկրետ որ տարբերակից պիտի ստանա Իրանը:

Ու թեև սպառազինության մատակարարումների հարցում վերջնական որոշում դեռ չկա, բայց իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով բանակացություններին մասնակցող արևմտյան պետությունների պատվիրակությունների անանուն աղբյուրներին, նշում է, որ բանակցությունները մոտ են ավարտին, և համաձայնության նախնական տարբերակն արդեն «համարյա պատրաստ է»: Անհրաժեշտ է նշել, սակայն, որ վերջին ամսվա ընթացքում համաձայնագրի «համարյա պատրաստ» լինելու մասին տեղեկությունները հաճախ են կրկնվում, ինչը, սակայն, չի խանգարում, որ բանակցությունները ձգձգվեն անորոշ ժամկետով:

Նշենք, որ հիմնական արևմտյան պետությունները Իրանին մեղադրում են, որ վերջինս փորձում է ստեղծել միջուկային զենք, ինչին իրանական կողմը պատասխանում է, որ իր միջուկային ծրագրերն ուղղված են ատոմային էներգիայի միայն խաղաղ օգտագործմանը: Այնուամենայնիվ ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշմամբ Իրանը ենթարկվում է մի շարք պատժամիջոցների, որոնց թվում և չի կարողանում որոշակի զինատեսակներ գնել արտասահմանից:

Ներկայում Իրանի և «վեցյակի» (ՄԱԿ ԱԽ 5 անդամներ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ինչպես նաև Գերմանիա) բանակցում են այն բանի համար, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը (20 տոկոս և ավելի հարստացված ուրանն օգտագործում են միջուկային մարտագլխիկների պատրաստման համար): Դրան ի պատասխան ենթադրվում է, որ պետությունները պետք է հանեն պատժամիջոցները: Նախատեսված էր, որ բանակցությունները պետք է ավարտվեին 2015թ. հունիսի 30-ին, սակայն դրանց վերջնաժամկետը տեղափոխվել է այնհայտ ժամկետով, իսկ բանակցությունները շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *