Պակիստանը ցանկանում է առաջիկայում «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի արտադրության Մի-35 հարվածային ուղղաթիռներ ձեռք բերել՝ հակաահաբեկչական պայքարում կիրառելու նպատակով: Ռուսաստանյան «Ռոսոբոռոնէքսպորտ» ընկերությունն այժմ պակիստանցի գործընկերների հետ քննարկում է պայմանագրի մանրամասները:Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ռուսաստանի ուղղաթիռների» գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շիբիտովին:
Շիբիտովն իր հերթին վստահեցրել է, որ ռուսաստանյան կողմը պատրասատական է իրագործելու այս գործարքը և հույս է հայտնել, որ պայմանագիրը պատրաստ կլինի մոտ ժամանակներս:
Նշենք, որ Պակիստանի՝ Մի-35 ուղղաթիռներ գնելու մտարդրության մասին «Ռոսոբոռոնէքսպորտի» գլխավոր տնօրերի տեղակալ Սերգեյ Գորեսլավսկին հայտնել էր դեռևս 2014-ի սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի իրավանախորդ ԽՍՀՄ-ը, հետո էլ Ռուսաստանն ավանդաբար հրաժարվել են զենք արտահանել Պակիստան: Միայն 2002-ից հետո Ռուսաստանը Պակիստանին է վաճառել 26 միավոր Մի-171 ու 4 միավոր Մի-8 բեռանատար ուղղաթիռներ, ընդ որում՝ Մի-8-երը՝ սեփական սպառազինությունից: Իսկ 2014-ի հունիսից ռուսաստանյան իշխանությունները հանել են Պակիստանի նկատմամբ կիրառվող էմբարգոն, որպեսզի կարողանան այդ երկրին վաճառել Մի-35 ուղղաթիռներ ու սկսել բանակցությունները:
Հավելենք, որ Մի-35-ը դեռևս Աֆղանստանի պատերազմից իրեն բավական լավ դրսևորած Մի-24 հարվածային ուղղաթիռի կատարելագործված տարբերակն է, որում ամփոփված են ժամանակակից մարտ վարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, սարքավորումներ ու սպառազինություն։ Տեխնիկական միջոցների հագեցվածության շնորհիվ, որոնց թվում են գիշերային տեսողության սարքերն ու ջերմացուցիչները, Մի-35-ը կարող է հայտնաբերել թիրախները մինչև 4 կմ հեռավորության վրա՝ անկախ եղանակային պայմաններից ու տեսանելիության աստիճանից։
Ուղղաթիռի վրա կիրառվող նորարարություններից է նաև արբանյակային նավիգացիոն համակարգը։ Սպառազինությունում Մի-35-ն ունի Շտուռմ-Վ (ռուս.՝ Штурм-В) հակատանկային կառավարվող հրթիռներ, 80 և 240 մմ-անոց չկառավարվող հրթիռներ, 30 մմ-անոց նռնականետ և ռումբեր՝ 50-ից 500 կգ-անոց զանգվածով։