Հուլիսին Վրաստանում կանցկացվի Agile Spirit 2015 բազմազգ զորավարժություն

Հուլիսի 8-ից 22-ը Վրաստանում անցկացվելու է Agile Spirit 2015 բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ։ Այս մասին դեռ հունիսի 5-ին հայտնել էր ՆԱՏՕ-ի կայքը, իսկ հունիսի 25-ին զորավարժության անցկացումը վերահաստատել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Ադրիան Բրեդշոուն։

Վրաստանի ԶՈւ զինծառայող

Վրաստանի ԶՈւ զինծառայող

Հարկ է նշել, որ Վրաստանի ՊՆ-ի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունում մասնակիցների կազմը մի փոքր այլ էր՝ Թուրքիայի փոխարեն նշված էին Լիտվան և Լատվիան։

Համաձայն ՆԱՏՕ-ի հաղորդագրության՝ զորավարժությունն անցկացվելու է խաղաղապահ առաքելության և աջակցող գործողությունների (Peacekeeping/Support Operations) սցենարով:

Նշենք, որ վրաստանյան կողմից զորավարժությանը մասնակցելու են ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 42-րդ գումարտակի զինծառայողները։ Ամերիկյան կողմից հայտնի է, որ մասնակցելու է ԱՄՆ ծովային հետևակի մոտ 220 զինծառայող։ Զորավարժության ընթացքին հետևելու են ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչները։ Այս զորավարժությանը պատշաճ ներկայանալու համար վրաստանյան կողմը պատրաստվում էր տարվա սկզբից, իսկ զինծառայողները մեկամսյա վերապատրաստում են անցել մասնակցելու համար։

Agile Spirit 2015 զորավարժության նպատակն է բարելավել փոխգործակցությունը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրների ռազմական մարտավարությանը։

Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են 2011 թվականից։ 2014թ. զորավարժությունն անցկացվել է հունիսի 14-ից 21-ը՝ Վազիանի զորավարժարանում։ Այդ ժամանակ ներգրավված էին ԱՄՆ ավելի քան 250 և վրաստանցի 550 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *