Հուլիսի 6-ին 107 երկրների ներկայացուցիչները, որոնք իրենց կոչում են «Սիրիայի բարեկամներ», հանդիպել են Փարիզում, որպեսզի որոշեն Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլերը: Հանդիպումը բացել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասելով, որ Սիրիայի ճգնաժամը սպառնում է աշխարհի խաղաղությանը և անվտանգությանը:
Փարիզյան հանդիպումը հաջորդում է Թունիսում և Ստամբուլում կայացած նմանատիպ միջոցառումներին, որոնցում պահանջվել էր խիստ ճնշումներ գործադրել Ասադի ռեժիմի վրա:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է. «Մենք պետք է վերադառնանք ՄԱԿ-ի Անվտագնության Խորհուրդ և այնպիսի բանաձև պահանջենք, որը կսահմանի իրական և անմիջական հետևանքներ կրող պատժամիջոցներ, ներառյալ ՄԱԿ-ի կանոնագրքի 7-րդ գլխով նախատեսված պատժամիջոցներ (թույլատրում է կիրառել ռազմական ուժ)»։
ՄԱԿ-ի դիվանագետներն աշխատում են մի փաստաթղթի վրա, որը կոչ է անում սահմանափակումներ մտցնել Սիրիայի առևտրային գործողությունների վրա, եթե Ասադը չենթարկվի ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի պատվիրակ Քոֆի Անանի կողմից առաջադրված հրադադարի ռեժիմի ծրագրին և իշխանափոխության «Ճանապարհային քարտեզին»:
Անանը ներկայացրել է այդ պլանն անցյալ շաբաթ Ժնևում՝ մի շարք երկրների ղեկավարների հետ հանդիպումից հետո։ Արևմտյան երկրները կարծում են, որ Ասադը ապագա Սիրիայում «տեղ չունի» և առաջարկում են ստեղծել ժամանակավոր կառավարություն, որպեսզի Սիրիայի ժողովուրդը «հնարավորություն ունենա ապրել անկախ և ժողովրդավարորեն»։
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամներ և Սիրիայի ամենակարևոր դաշնակիցներ Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ՄԱԿ-ում ունեն վետոյի իրավունք, հավաքին չեն մասնակցել: Հիլարի Քլինթոնը մասնակից երկրների ներկայացուցիչներին կոչ է արել,Ռուսաստանին ու Չինաստանին ոչ միայն համոզել, այլև ստիպել միանալ իրենց, և աջակցել Սիրիայի ընդդիմությանը: