Ռուսաստանը փորձում է թարմացնել իր ռազմական նավատորմը

Վերջին տարիներին Ռուսաստանը փորձում է թարմացնել իր ռազմական նավատորմը և գոնե մասնակիորեն չեզոքացնել այն կորուստները, որ ռուսական նավատորմն ունեցավ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ռուսական նավատորմի համար նախորդ երկու շաբաթվա ընթացքում միաժամանակ երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. «Դաղստան» հրթիռային նավի և «Սևերոդվինսկ» ատոմային սուզանավի փորձարկումները։ Խորհրդային տարիներին սրանք կարող էին համարվել շարքային իրադարձություններ, բայց, հաշվի առնելով ռուսական նավատորմի այսօրվա վիճակը, սրանք իսկապես հիշարժան իրադարձություններ են։

Համացանցում հայտնվել է ռուսական նոր «Դաղստան» հրթիռային նավի լուսանկարը, որն արվել է Նովոռոսիյսկում։ Ինչպես հաղորդում է «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» բլոգը «Դաղստանը» Նովոռոսիյսկ է եկել սեպտեմբերի 25-ին գործարանային և պետական փորձարկումների համար։ Ըստ նույն աղբյուրի «Դաղստանը» 11661Կ արդիականացված նախագծի նավ է, որի շինարարությունը սկսվել էր դեռևս 1992 թվականին և որն ի սկզբանե նախագծվել էր որպես պահակային նավ ու պիտի արտահանվեր, սակայն 2000 թվականին որոշում է ընդունվել նավի կառուցումն ավարտել ռուսական նավատորմի կարիքների համար։ Սպասվում է, որ նոր նավը կհամալրի Ռուսաստանի Կասպիական տորմիղը, որտեղ արդեն կա այդ տիպի մեկ այլ նավ` «Թաթարստան»։

Ավելի վաղ, սեպտեմբերի 12-ին, հայտնի էր դարձել, որ բաց ծովում գործարանային ընթացքային փորձարկումների է դուրս եկել ռուսական նոր Կ-329 «Սևերոդվինսկ» բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավը, որը 885 «Յասեն» նախագծի առաջին սուզանավն է։ Առաջին փորձարկումը, «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հաղորդմամբ, հաջող է ընթացել և ավարտվել է այսօր։ Կ-329 «Սևերոդվինսկ» սուզանավի կառուցումը սկսվել է 1993 թվականի վերջին։ Նախատեսվում է, որ այն կլինի սուզանավերի 4-րդ սերնդի առաջին ներկայացուցիչը ռուսական նավատորմում։ Այդ տիպի երկրորդը սուզանավը` «Կազանը» նախատեսվում է ավարտել և հանձնել նավատորմին 2015 թվականին։

2 responses to “Ռուսաստանը փորձում է թարմացնել իր ռազմական նավատորմը

  1. Pingback: Ռուսաստանը պատրաստվում է նոր ավիակիրներ կառուցել | Ռազմ.info

  2. Pingback: «Բուլավան» կարծես թե սովորեց թռնել, իսկ «Սևերոդվինսկն» ավարտեց փորձարկումները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *