Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 7-ին այցելել է Իրան ու հանդիպել այդ երկրի նախագահ Հասան Ռոուհանիին, նախագահները խոսել են տարածաշրջանային անվտանգության և այդ գործում Թուրքիայի և Իրանի համագործակցության անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կայքը:
Անդրադառնալով Եմենում ծավալվող գործողություններին՝ Իրանի նախագահը նշել է, որ ինքն ու Թուրքիայի նախագահը համակարծիք են, որ անհրաժեշտ է անհապաղ կանգնեցնել պատերազմը և արյունահեղությունը, հաստատել զինադադար ու վերջ տալ օդային հարվածներին: Էրդողանն այս հարցի շուրջ մամուլի ասուլիսի ժամանակ որևէ նկատառում չի արել, սակայն խոսել է Իրանի հետ հարաբերություննրի մասին, որոնք տուժել են Եմենում մարտի 26-ից սկսված ավիահարվածների պատճառով:
Նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ նշել են, որ իրենք անդրադարձել են նաև Իրաքում տիրող իրավիճակի և Սիրիայի քաղաքացիական պատերազմին:
Հատկանշական է, որ թեև կողմերը խոսել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման մասին, սակայն առկա գրեթե բոլոր հակամարտություններում ունեն տրամագծորեն տարբերի մոտեցումներ. մասնավորապես Սիրիայում Թուրքիան աջակցում է ապստամբներին և միջազգային հարթակներից բազմիցս նշել է Ասադի իշխանությունը տապալելու անհրաժեշտության մասին, իսկ Իրանն ամեն կերպ աջակցում է Սիրիայի ներկայիս իշխանություններին և ջանում է ամրապնդել վերջիններիս դիրքերը:
Տարաձայնություններ կան նաև Եմենի հարցում, որովհետև Թուրքիան աջակցում է Եմենի տարածքում ավիահարվածներ իրականացնող Արաբական կոալիցիային, տեղեկատվական օգնություն տրամադրում կոալիցիայի անդամ երկրներին, մինչդեռ Իրանը, որ սեփական շահեր ունի Եմենում, բացարձակ դեմ է Եմենում ավիահարվածներին:
Հիշեցնենք, որ փետրվարին իրանամետ հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին: Մարտի 24-ին Հադին ռազմական աջակցության խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին: Սակայն չսպասելով ՄԱԿ ԱԽ համապատասխան որոշման՝ Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ ռազմական գործողություններ են սկսել Եմենում։
Հատկանշական է, որ Հութիների առաջխաղացումը արաբական կոալիցիան պայմանավորում է վերջիններիս տրամադրվող իրանական օժանդակությամբ: Արաբական կոալիցիայի խոսնակ, գեներալ Ահմեդ Ասսերին մարտի 29-ին հայտարարել է, թե հութիների շարքում կռվում է 25-30 հազար զինյալ: Վերջիններս օրական ստանում են 100 ամերիկյան դոլարի չափ գումար, որը ևս ֆինանսավորվում է Իրանից: Ասսերին նաև նշել է, թե երբ ֆինանսավորումը դադարեցվի, հութիներից շատերը կհրաժարվեն կռվել: Թեև թե´ հութիները, թե´ Իրանը հերքում են այս լուրերը, նշենք, որ իրանական իշխանություններին բազմիցս մեղադրել են Եմենի հութի շիական ցեղերին օգնելու համար, քանի որ այս տարածաշրջանում վերջիններս ունեն իրենց ուրույն շահերը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info