Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն խմբի օդաչուները, շտուրմաններն ու բորտինժեներները պարաշյուտներով թռիչքներ կատարելու վարժանքներ են անցնում ՌԴ Սիզրանի՝ օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն վարժարանում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Մարզումների ընթացքում վերապատրաստվող անձնակազմը պարաշյուտներով մոտ 20 թռիչք է կատարելու, այդ թվում նաև՝ խմբով և գիշերային պայմաններում, ցածր բարձրությունից, պարաշյուտը ուշ բացելով և այլն:
Բացի այդ, դասընթացն ունենալու է նաև տեսական մաս, որի ժամանակ օդաչուներն ու մնացած վերապատրաստվող անձնակազմը ուսումնասիրելու են պարաշյուտների կառուցվածը, վարժասարքերի վրա կատարելագործելու են թռիչքային հմտությունները:
Ավելացնենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է։ Ավիաբազան մարտական հերթապահություն է կրում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում։
Նշենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է դեռևս 1995-ի փետրվարին՝ ԱՊՀ 9 պետությունների միջև կնքված պայմանագրով։ Ուկրաինան և Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։