Վրաստանի բանակին սննդամթերքով կապահովի նոր ընկերություն

2015 թվականի փետրվարի 14-ից Վրաստանի զինված ուժերի զինծառայողներին սննդամթերքով կապահովի նոր ընկերություն։ Այս մասին փետրվարի 12-ին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է ծառայության հաղորդագրության մեջ, փետրվարի 14-ին ավարտվում է բանակին սննդամթերք մատակարարող «Վրացական սննդամթերքի ընկերության» և Վրաստանի պաշտպանության նախարարության կնքած պայմանագրի ժամկետը։

Նշենք, որ այս ընկերության 6 աշխատակցի 2014թ. նոյեմբերին մեղադրանք է առաջադրվել 2013թ. զինծառայողների մասսայական թունավորման դեպքի առնչությամբ։

Նոր մատակարարի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ ընկերության մասին համապարփակ տեղեկատվություն կտրվի առաջիկայում կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Իսկ ահա վրաստանյան մի քանի լրատվամիջոց, հղում անելով «Վրացական սննդամթերքի ընկերության» տնօրենին, նշում են, որ նոր ընկերությունն ամբողջությամբ պետական է։

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 8-ին Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն լրագրողներին հայտարարել էր, որ բանակում սննդամթերքի ապահովման հարցը բավական վատ վիճակում է և որ շատ աշխատանք կա անելու։ Ներկայիս նախարարի հայտարարությանը պատասխանել էր նախկին նախարար Իրակլի Ալասանիան՝ նշելով, որ սնուցման հարցում իսկապես խնդիրներ եղել են, որոնք «բաժին են ընկել» նաև իրեն, սակայն իր թիմն աշխատել է այդ ուղղությամբ և դրական արդյունքներ ունեցել, սակայն դրա մասին այժմ ոչ ոք չի խոսում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *