Թուրքիայում ռազմաօդային ուժերի լեյտենանտ է անհետ կորել

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգի Սարաքյոյ գավառի Քաբաաղաչլար գյուղի մոտակայքում գտնվող գետում փետրվարի 3-ին լաստանավ է խորտակվել։ Նավում գտնվող երեք քաղաքացիական անձինք փրկվել են, իսկ մեկ լեյտենանտ անհետ կորել է, հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի կայքը։

Թուրքական ժանդարմերիայի ստորաբաժանումը որոնողական աշխատանքներ է իրականացնում Մենդերես գետում

Թուրքական ժանդարմերիայի ստորաբաժանումը որոնողական աշխատանքներ է իրականացնում Մենդերես գետում

Նշվում է, որ Ստամբուլի 4-րդ ռազմաօդային գնդի հրամանատարության զինծառայող, ռազմաօդային ուժերի լեյտենանտ Բուրաք Իզը բադ որսալու համար լաստանավով նավարկում էր երեք ընկերների հետ։ Մենդերեսի գետով իջնելիս՝ Քաբաաղաչլարի մոտակայքում լաստանավին ծառի ճյուղ է հարվածել, որի հետևանքով լաստանավը խորտակվել է։ Երեք քաղաքացիական անձանց հաջողվել է փրկվել, իսկ լեյտենանտն անհետ կորել է՝ ամենայն հանանականությամբ գետի հոսանքը տարել է։

Նշենք, որ ըստ պարբերականի՝ զինծառայողը գտնվում էր արձակուրդում։ Անհետ կորչելուց որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել Դենիզլիի նահանգային արտակարգ իրավիճակների փրկարարական խումբը, սակայն, քանի որ դեռևս 1.5 տարի առաջ փակվել էր այդ որոնողափրկարարական ստորաբաժանման ստորջրյա փրկարարների խումբը՝ վերջիններս կարողացել են որոնում իրականացնել միայն ցամաքից։

Միայն երկու ժամ անց Դենիզլիի քաղաքապետարանի խնդրանքով ժամանել է ստորջրյա փրկարարների խումբ, որոնք դեռևս շարունակում են ստորջրյա որոնողական աշխատանքները։

Լեյտենանտի երեք քաղաքացիական ընկերները ձերբակալվել են թուրքական ժանդարմերիայի կողմից։ Դեպքի առթիվ նշանակվել է քննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *