Գերմանիայում Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության օգտին լրտեսելու մեղադրանքով դեկտեմբերի 17-ին Թուրքիայի երեք քաղաքացի է ձերբակալվել: Նրանց այժմ հարցաքննում են Գերմանիայի գլխավոր դատախազությունում: Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal լրատվակայքը՝ հղում անելով Գերմանիայի գլխավոր դաշնային դատախազության՝ դեկտեմբերի 18-ին տարածած հայտարարությանը:
Հայտարարությունում նշվում է, որ Մուհամեդ Թահան Գ.-ն, Ահմեթ Դուրան Յ.-ն և Գյոքսել Գ.-ն (անունները չեն նշվում) երկար ժամանակ Գերմանիայում ապրող թուրքերի, նրանց կազմակերպությունների և գործունեության մասին տեղեկություններ են հավաքել և փոխանցել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը:
Կասկածյալներից երկուսը ձերբակալվել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում, իսկ երրորդը, որ խմբի ղեկավարն է՝ Գերմանիայի իր տանը:
Գերմանիայի դաշնային դատարանը թուրք քաղաքացիներին քննության ընթացքում կալանքի տակ պահելու վճիռ է կայացրել:
Նշենք, որ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև 2014-ի օգոստոսին , սակայն հակառակ դերակատարությամբ։ Գերմանական թերթերում տեղեկություն էր հրապարակվել, որ Գերմանիայի դաշնային հետախուզության ծառայությունը 2009 թվականից Թուրքիայում անօրինական գաղտնալսումներ է իրականացրել ։
Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարություն էր կանչվել Թուրքիայում Գերմանիայի դեպանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ այսպիսի դեպքերը խաթարում են երկու դաշնակից երկրների հարաբերությունները և պարզապես անթույլատրելի են։