Իսրայելի պաշտոնատար տարբեր անձինք վերջին մեկ ամսում տարբեր առիթներով հայտարարել են՝ Թուրքիայի տարածքում գործում է «Համաս» խմբավորման շտաբ-կայան, որն էլ ծրագրել էր խոշոր ահաբեկչական ակտ Իսրայելի մայրաքաղաքում։
Հղում կատարելով Իսրաելական հատուկ ծառայությունների հաղորդած տվյալներին՝ The Jerusalem Post—ը նշում է, որ Համասը Ստամբուլում ստեղծել է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական շտաբ։ Փաստացիորեն Համասն իր կենտրոնը Դամասկոսից տեղափոխել է Ստամբուլ՝ չնայած այն հանգամանքին, որ խմբավորման քաղբյուրոյի քարտուղար Հալիդ Մաշալը ապրում է Քաթարում։
Թուրքիայի տարածքում Համասի ղեկավարումն իրականացնում է Սալահ ալ-Արուրին, ում մեղադրում էին 2014-ի հունիսին երեք իսրայելցի պատանիների առևանգումը կազմակերպելու համար։
2014-ի հոկտեմբերին՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել էր, որ Համասին երկու պետություն են օգնում՝ Քաթարը և Թուրքիան։ Նա վերջինին մեղադրել էր Իսրայելի դեմ ահաբեկչությունների կազմակերպմանը մասնակցելու և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հեղաշրջման կազմակերպման փորձերի համար՝ հիշեցնելով, որ այդ ամենի հետ մեկտեղ Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի անդամ է։
2014-ի նոյեմբերի 27-ին իսրայելական անվտանգության ծառայությունները կանխել են Համասի ծրագրած ահաբեկչական ակտերի մի մեծ շղթա։ Իսրայելի անվտանգության գործակալության (Շաբաք) հայտնած տեղեկության համաձայն, ահաբեկիչների թիրախում էր հայտնվել նաև Երուսաղեմի «Թեդդի» ստադիոնը։ Իսրաելական բանակի հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ գործողությունների շնորհիվ Շաբաքը ձերբակալել է Համասի 30 անդամ, որոնք մասնակցել են ահաբեկչական ակտերի ծրագրավորմանը։ Նրանց մի մասը խոստովանել են, որ մարզվել և վերապատրաստվել են Թուրքիայում։
Իսրայելի կառավարության մամուլի քարտուղար Օֆեր Գենդելմանըն իր հերթին հայտարարել է, որ Համասի գրոհայինները ցուցումներ էին ստանում Թուրքիայից։ Նշվում է նաև, որ խմբավորման և նրա ծրագրած գործողությունների մասին իսրայելական կողմը տեղեկություններ է ունեցել դեռևս սեպտեմբերին, սակայն դրանց գաղտնազերծումը մինչ նոյեմբերի 27-ը եղել է արգելված։