Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում 2014-ի նոյեմբերի 27-ին մեկնարկել է բարձրագույն զինվորականների խորհրդի նիստ՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ։ Նիստի արդյունքները կներկայացվեն նախագահ Էրդողանի հաստատմանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Խորհրդի նիստի նպատակը Թուրքիայի զինված ուժերի արդիականացման, տարածաշրջանի զարգացումների, պատերազմին պատրաստ լինելու խնդիրների վերլուծումն է։ Գնահատելով ունեցած ռեսուրսները՝ խորհուրդը պետք է կազմի զինված ուժերի առաջիկա տարիների զարգացման ծրագիրը։ Հատկանշական է, որ նիստում քննարկվելու է նաև Ֆաթուլլահ Գյուլենի համակիրների դեմ պայքարի ծրագրի մշակումը։ Թուրքական «Դեյլի Սաբահ» պարբերականի հայտնած տեղեկությունների համաձայն երկրի կառավարությունը տվյալներ ունի հեղաշրջման կազմակերպան վերաբերյալ։
Նիստի ընթացքում նախատեսված էր քննարկել նաև վճարովի ծառայության հարցը։ Այս հարցի հետ կապված նախորդ ելույթներում վարչապետ Դավութօղլուն արդեն հայտարարել էր, որ վերացվելու է «վճար ծառայության դիմաց» օրենքը, որով բազմաթիվ քաղաքացիներ ազատվում էին զինվորական ծառայությունից։ Նա նշել էր, որ Թուրքիայում բնակչության աճի նվազում է նկատվում, իսկ երիտասարդների մեծ մասը խուսափում են ծառայությունից՝ գնալով բուհեր։ Միևնույն ժամանակ Թուրքիայի վարչապետն առաջարկել է պարտադիր զինվորական ծառայությունից աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի։
Նիստի կարևոր խնդիրներից է նաև «ԻՆջիրլիքի» ռազմաբազայի տրամադրման ԱՄՆ-ի պահանջը։ Հիշեցնենք, որ Թուրքիան էլ իր հերթին պահանջում էր «ոչ թռիչքային գոտի» սահմանել Սիրիայի հյուսիսային շրջաններում, որի հետևանքով խիստ լարվածություն է առաջացել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
Խորհրդի նիստին մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, ռազմածովային հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոստանօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթուրքը, ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայը, 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը, 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ադեմ Հուդութին, 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը, Էգեյան (4-րդ) բանակի հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին, ԳՇ պետի տեղակալ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ռազմական ակադեմիաների հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Ռեջեփը, հարվածային օդուժի հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը, ռազմական 1-ին նավատորմի հրամանատար փոխծովակալ Վեյսել Քյոսելեն։
Ավելացնենք, որ բարձրագույն զինվորական խորհրդի նիստեր Թուրքիայում գումարվում են տարին երկու անգամ։ Առաջինը օգոստոսին, իսկ երկրորդի ժամկետը որոշում է երկրի վարչապետը։ Որոշումները հաստատվում են նախագահի կողմից, ապա հրապարակվում։
Նոյեմբերի 28-ին խորհուրդը նիստի արդյունքները ներկայացրել է նախագահին, ում հաստատումից հետո էլ առաջիկա օրերին սպասվում է որոշումների հրապարակումը: