ՌԴ-ում սխալ են հասկացել կառավարության որոշումը զենք կրելու թույլտվության վերաբերյալ

ՌԴ կառավարությունը 2014-ի նոյեմբերի 15-ին հաստատել է «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների շրջանառության» կանոններում փոփոխությունները, ինչի մասին քաղաքացիներն ու լրատվամիջոցները թյուր եզրակացություն էին արել՝ կարծելով, թե այսուհետ թույլատրվում է ինքնապաշտպանության նպատակով կրել հարթափող հրազեն։ Ավելի ուշ, սակայն, փոփոխությունը մեծ ոգևորությամբ ընդունած շրջանակները ստիպված եղան հիասթափվել։

Հրաձգություն

Հրաձգություն

ՌԴ-ում մինչ օրս գործող կարով սահմանվում էր, որ հրազեն կարելի է կրել միայն որսի, ուսումնական հրաձգության և սպորտային միջոցառումների ժամանակ։ Իսկ նոյեմբերի 15-ին Կառավարության հավանությանն արժանացած փոփոխված տարբերակում վերոնշյալ կետերին ավելացավ «ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով» ձևակերպումը։ Խոսքն իհարկե վերաբերում է միայն այն դեպքերին, երբ քաղաքացին ունի զենք կրելու թույլտվություն համապատասխան մարմիններից։

Այս լուրը Ռուսաստանում մեկնաբանվեց որպես հրազենի ազատ կրելու իրավունք, սակայն ինչպես պարզվեց ավելի ուշ, փոփոխությունն ամենևին դրա մասին չէր։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից փոփոխությունը մեկնաբանելիս նշել են, որ նորամուծությունը կրում է տեխնիկական բնույթ և վերաբերում է զենք կրելու թույլտվություն տրամադրելու ընթացակարգին։ Քաղաքացիներին հրազեն կրելու տեսանկյունից որևէ նոր հնարավորություն չի ընձեռվում։

ՆԳՆ-ից հիշեցրել են նաև, որ դեռևս 1996-ից գործող օրենքով ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիները համապատասխան թույլտվության առկայության դեպքում կարող են կրել զենք, որն ունի խոցման սահմանափակ հնարավություն։ Այն է՝ կրակոցի դեպքում փողից դուրս եկած էներգիան չպետք է գերազանցի 91 Ջոուլը, իսկ այդ սահմանաչափը, որպես կանոն, չեն գերազանցում տրավմատիկ և գազային ատրճանակները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *