Աֆղանական Կանդահարից վերադարձել է Վրաստանի ԶՈւ վերջին զորախումբը

Այսօր՝ նոյեմբերի 20-ի վաղ առավոտյան, Վրաստանի զինված ուժերի լեռնահետախուզական գումարտակի զինծառայողներն առանց կորստի հետ են վերադարձել հայրենիք։ Վրաստանյան գումարտակը ISAF (Անվտանգության աջակցության միջազգային ուժեր) առաքելության կազմում 7 ամիս ծառայություն է իրականացրել Աֆղանստանի Կանդահարի նահանգի ավիաբազայում։

Աֆղանստանի Կանդահար նահանգի ավիացիոն բազայում ծառայած Վրաստանի ԶՈւ զինծառայողները

Վրաստանի ԶՈւ՝ Աֆղանստանի Կանդահար նահանգի ավիաբազայում ծառայող զինծառայողները

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։

Սա Վրաստանի զինված ուժերի վերջին գումարտակն էր, որ ծառայում էր Կանդահարում։

146 զինծառայողներին Վրաստանի Ալեքսեևկա օդանավակայանում դիմավորել և բարեհաջող ծառայության համար շնորհակալություն է ասել Վրաստանի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի  հրամանատար, փոխգնդապետ Դիմիտրի Կիկնաձեն։

Հիշեցնենք, որ մինչև 2014 թվականի ավարտը ՆԱՏՕ-ն դուրս է բերելու Աֆղանստանում ծառայություն իրականացնող իր ուժերի հիմնական մասն ու երկրում անվտանգության ապահովման գործը փոխանցելու է տեղի ուժայիններին: 2014-ից հետո Աֆղանստանում շարունակելու են ծառայել ԱՄՆ-ի մոտ 10 հազար զինծառայողներ, որոնք ապահովելու են տեղի ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը, ինչպես նաև վերապատրաստելու են Աֆղանստանի զինված ուժերի ու մյուս ուժային կառույցների ծառայողներին: Այս գործում նրանց օգնելու են նաև տարբեր երկրների ևս 3000 զինծառայողներ, որոնք երկրում տեղակայվելու են Աֆղանստանի հետ երկկողմ պայմանավորվածությունների արդյունքում:

Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելության ավարտին զուգահեռ փակվում են ռազմաբազաներն ու կրճատվում է այնտեղ ծառայող զորախմբերի թիվը։

Նշենք, որ Վրաստանը վերջերս հայտարարել է, որ 2015 թվականին ևս շարունակելու է աջակցել աֆղանական ուժերին երկրում անվտանգություն ապահովելու գործում:

Առաջին անգամ Վրաստանն Աֆղանստան զորախումբ է ուղարկել 2004 թվականին։ Այդ ժամանակ Վրաստանը գերմանական զորախմբի կազմում ապահովում էր Աֆղանստանում նախագահական ընտրությունների ընթացքը։

Վրացի խաղաղապահները 2009 թվականից ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրաստանցի զինծառայողների փոխարինում։

Մինչ օրս Աֆղանստանում զոհվել է վրացի 29 զինծառայող, վիրավորվել 435-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *