Մայիսի 31-ին կայացել են ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները և սահմանվել են դրանց գործունեության ոլորտները: Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտը կլինի` պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ: Ընտրությունների արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կորյուն Նահապետյանը: Հանձնաժողովի լրատվության բաժնից Razm.info-ին տեղեկացրեցին, որ դեռ հանձնաժողովի կազմը հայտնի չէ:
Նշենք, որ Կորյուն Նահապետյանը ծնվել է 1971թ. հուլիսի 23-ին Երեւանում: 1994թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.` ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ.` ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը:
Հիշեցնենք, որ Չորրորդ գումարման ԱԺ-ում վերոնշյալ հանձնաժողովը ղեկավարում էր ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը: Իսկ Կորյուն Նահապետյանը ներկայացնում է ՀՀԿ խմբակցությունը: