«ՍԱՆԱ» գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի մայրաքաղաքում Անվտանգության ուժերի կողմից գրոհայինների խմբավորում է ոչնչացվել, երբ ձերբակալման ժամանակ վերջինս դիմադրություն է ցուցաբերել։
Պարզվել է, որ խումբը մի շարք ահաբեկչություններ էր ծրագրում։ Իրավապահ մարմինները հետախուզման ժամանակ նրանց թաքստոցում գրառումներ, զինամթերք և պայթուցիկ նյութեր են հայտնաբերել։
Իսկ Հալեպում ահաբեկիչները ռումբ են պայթեցրել ճանապարհին, որով անցնելիս է եղել զինվորական ավտոբուսը։ Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 19 սպա։
Հայտնում են նաև Դամասկոսից 80կմ հյուսիս ընկած Յաբրուդ քաղաքում իրավապահ մարմինների և գրոհայինների բախման մասին։ Համաձայն «ընդդիմադիրների» տարածած լուրերի՝ Համե և Հոմս քաղաքներում կառավարական զորքերը կրակ են բացել անգամ բնակելի տների վրա։
Սիրիայի իշխանություններն իրենց հերթին մեղադրում են «ընդդիմադիրներին» խաղաղ բնակչություն սպանելու մեջ։
Սիրիայի քաղաքներում շարունակվում են վերջին իրադարձությունների դեմ ուղղված ցույցերը։