Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանին հայտարարել է, որ Իրանը հիմնավոր պատճառներ չի տեսնում մինչև ուրանի մինչև 20 տոկոս հարստացումը դադարեցնելու համար և որ իրենք այդ ուրանից արտադրելու են ճիշտ այնքան, որքան իրենց անհարժեշտ է։
Նախորդ շաբաթ Բաղդադում «իրանական ատոմային ծրագրի» բանակցությունների ծրագրի շրջանակներում «հինգ գումարած մեկ» միջնորդ խումբը պահանջել է Իրանից դադարեցնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը։
Այդ քանակությամբ ատոմային վառելիքն անհրաժեշտ է Թեհրանի բժշկական նպատակներով օգտագործվող հետազոտական ռեակտորի աշխատանքների համար։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի ներկայացրած զեկույցում ասվում էր, որ Իրանը վերջին երեք ամսվա ընթացքում ցածր հարստացվածության ուրանի պաշարը 110 կգ հասցրել է 145 կգ։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները Իրանում ուրանի հարստացման օբյեկտներից մեկում հայտնաբերել էին մինչև 27 տոկոս հարստցված ուրանի հետքեր, սակայն Թեհրանը պնդում է, որ դա տեխնիկական սխալի հետևանք է և որ ուրանի հարստացումը չի գերազանցում 20 տոկոսը։
Բաղդադում Իրանն ու «վեցնյակը» պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում քննարկել ուրանի հարստացման խնդիրը։ Իրանի ատոմային խնդրի լուծման հաջորդ քննարկումները տեղի կունենան հունիսի 18-19-ին Մոսկվայում։