Սեպտեմբերի 29-ից Սլովակիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների 14 երկրի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը։ Մասնակիցների թվում են նաև ՆԱՏՕ-ին չանդամակցող, բայց «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով համագործակցող 2 երկիր։
Այս մասին հայտնում է Սլովակիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Զորավարժության հիմնական նպատակն է ռադիոէլեկտրոնային արգելքների դեպքում կործանիչների միջոցով հակառակորդի ՀՕՊ համակարգերի վրա ազդելը, ինչպես նաև նմանատիպ խոչընդոտ ստեղծել հակառակորդի ավիացիայի համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Զորավարժության ժամանակ օգտագործվելու են Սլիաչ ավիաբազան և Լեշտ զորավարժարանը, իսկ շտաբը տեղակայվելու է Զվոլեն քաղաքում։ Զորավարժությանն ընդհանուր թվով մասնակցում է 660 զինծառայող։
Նշենք, որ վարժանքների ընթացքում օգտագործվելու են Բելգիայի, Դանիայի և Նորվեգիայի F-16, ֆրանսիական Dassault Rafale, շվեդական Saab JAS 39 Gripen, իսպանական Eurofighter Typhoon կործանիչները, ինչպես նաև Lockheed Martin C-130J Super Hercules բեռնատար ինքնաթիռը Դանիայից և Dassault Falcon 20 ու Learjet 40 բիզնես ինքնաթիռները Նորվեգիայից և Գերմանիայից։
Տեղեկացնենք, որ նմանատիպ զորավարժություն իրականացվում է երկրորդ անգամ, նախորդը եղել է 2012 թվականին: