Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը բանակի ուղղաթիռային ավիապարկում առկա AH-64 Apache հարվածային ուղղաթիռների զանգվածը թեթևացնելու նպատակով որոշել է դիմել բավական անսովոր մեթոդի՝ ուղղաթիռների վրայից մաքրելով ներկի շերտը։ Այս մասին հայտնում է Flighglobal ավիացիոն լրատվակայքը։
Նման անհրաժեշտությունն ի հայտ է եկել Apache-ների վրա լրացուցիչ սարքավորումների տեղադրումից հետո, ինչի հետևանքով ուղղաթիռների զանգվածը մոտեցել է առավելագույն թույլատրելիի սահմանաչափին։
Որպես փորձնական տարբերակ, հեռացվել է ներկի շերտը մի քանի ուղղաթիռների վրայից, իսկ երբ մեթոդն իրեն արդարացրել է, որոշվել է այդ եղանակով նվազեցնել ոչ միայն Apache-ների, այլև սպառազինությունում առկա մյուս ուղղաթիռների զանգվածը ևս։ Աղբյուրի հավաստմամբ, ներկի հեռացման արդյունքում հարվածային ուղղաթիռների զանգվածը նվազել է «մի քանի տասնյակ» կիլոգրամով։
Ամերիկյան արտադրության AH-64 Apache ուղղաթիռը շահագործման են հանձնել 1986-ին։ Հետագա տարիներին ստեղծվել են դրա տարբեր մոդիֆիկացիաներ և արտահանվել աշխարհի մի շարք երկրներ։ 2 հոգանոց անձնակազմ ունեցող ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 365 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 6400 մետր է։ Սպառազինությունում Apache-ն ունի 30 մմ-անոց հրանոթ և ամրակցման 4 կետ՝ լազերային նշանառությամբ, ինչպես նաև չկառավարվող հրթիռների համար։
Համաձայն բաց աղբյուրների տվյալների՝ իսրայելական բանակում ներկայումս շահագործվում է Apache AH-64 ուղղաթիռի «A» և «D» մոդիֆիկացիաների շուրջ 48 օրինակ։