ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակը հակաահաբեկչական վարժանքներ է անցկացնում

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակն Աստրախանի, Մախաչկալայի ու Կասպիյսկի զինավաններում զորավարժություններ են անցկացրել՝ հակազդելով պայմանական ահաբեկիչների հարձակումները։Ինչպես ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հաղորդել են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգից, վարժանքներին մասնակցում են 300 զինծառայողներ, մինչև 10 միավոր զինտեխնիկա, մոտ 20 սուզանավեր, կատերներ և ռազմանավեր, որոնք բոլորն են ներառված են Կասպյան նավատորմիղի կազմում։

Վարժանքների նպատակը զորամասերի հերթապահ ծառայությունների և հակաահաբեկչական ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության աստիճանի բարձրացումն է։ Ըստ նախապես գրված սցենարի՝ պայմանական զինյալներին հաջողվել է առգրավել զորամասի տրանսպորտը՝ հսկիչ անցակետից ներթափանցելու հետևանքով։ Անցակետում հերթապահող զինծառայողները, պաշտպանական դիրքեր գրավելով, փորձում են կասեցնել զինյալների առաջխաղացումը դեպի զորամասի խորքը։ Զինյալների թիկունքից հարվածում է հակահաբեկչական ստորաբաժանումը՝ նախապես շրջափակելով հակառակորդին։

Բացի այդ, վարժանքների շրջանակներում ստորջրյա հարձակում իրականացնող դիվերսանտների ոչնչացման համար զինծառայողները ուսումնական կրակ են արձակել նռնականետերից։ Պարեկային կատերների օգնությամբ ջրասուզակների խմբերը ստուգել են կատերների ու ռազմանավերի վիճակը՝ արդյոք հառակորդը դրանց պայթուցիկներ չի ամրացրել և արդյոք հարձակումների պատճառով դրանք չեն վնասվել։

Համաձայն աղբյուրի՝ վարժանքներին, մասնավորապես՝ պայթուցիկներ հայտնաբերելու աշխատանքներին ներգրավվել են նաև քաղաքացիական անձինք։

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի հատուկ ռազմածովային միավորում է, որը կայանում է Աստրախանի շրջանում։ Դրա գործարկման գոտին Կասպից ծովն է՝ հարակից տարածքներով։

Կասպից ծովում ռազմածովային ուժերի ներկայություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Իրանը: Ժամանակ առ ժամանակ լարված բնույթ են ստանում հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի, նաև Ադրբեջանի ու Իրանի միջև՝ հիմնականում Կասպյան նավթահորերի շահագործման պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *