Ադրբեջանական լրատվակայքերի տվյալներով՝ օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ ոմն քաղաքացի։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է վերջինիս անձնական տվյալներն ու լուսանկարը։
Հաջողվել էր պարզել, որ սահմանն անցած քաղաքացին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի բնակիչ, 1961-ին ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է։
Ռազմինֆոն կապ հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի աշխատակից Հասմիկ Գալստյանի հետ։ Վերջինս հաստատեց գերության փաստը՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ Անանյանին տեսակցելու նպատակով։ «Այս պահի դրությամբ դեռևս չենք տեսակցել Անանյանի հարազատներին, փորձում ենք կապ հաստատել, ընթացքի մեջ է»,-նշեց ԿԽՄԿ աշխատակիցը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ կայքի համաձայն՝ Անանյանը ներկայումս բժիշկների վերահսկողության ներքո է։