Պենտագոնը լրատվամիջոցներին հայտնել է, որ ԱՄՆ բանակի համար ռազմավարական նշանակություն ունեցող գերձայնային հրթիռի փորձնական արձակումը տապալվել է, քանի որ գետնից պոկվելուց վայրկյաններ անց այն կտրուկ փոխել է թռիչքի հետագիծն ու պայթել։ Միջադեպը գրանցվել է 2014-ի օգոստոսի 25-ին՝ Ալյասկա նահանգի Քադյաք կղզում։ Այս մասին հայտնում է «DefenseNews» ռազմական լրատվակայքը։
Նախատեսված էր, որ հրթիռը պետք է զարգացնի մինչև 6 000 կմ/ժ արագություն և Խաղաղ Օվկիանոսում խոցի պայմանական թիրախը։
Գերձայնային հրթիռը նախագծել են ԱՄՆ բանակի մասնագետները՝ «Գլոբալ արագ հարված» նախագծի շրջանակներում, որը ենթադրում է պաշտպանական համակարգի ստեղծում՝ ունակ մինչև 30 րոպեի ընթացքում հրթիռային կետային հարված հասցնել երկրագնդի ցանկացած հատվածում։
2003-ին մեկնարկած նախագծի շրջանակներում հրթիռի առաջին արձակումն անցկացվել է 2011-ի նոյեմբերին, որն անցել է հաջող և կատարել փորձարկման այդ փուլում առաջադրված խնդիրը։ «Գլոբալ արագ հարվածի» նախագիծը նախատեսվում է կյանքի կոչել 2020-ականներին։ Դրա հետ մեկտեղ, գերձայնային հրթիռներն ԱՄՆ-ում նախատեսում են կիրառել նաև ռազմաօդային ուժերի սպառազինությունում։
Հավելենք նաև, որ թեպետ գիտության և տեխնոլոգիաների առաջընթացի տեմպերն անկանխատեսելի են, այդուհանդերձ, մասնագետները հակված են կարծելու, որ գերձայնային հրթիռներն իրենց արդիականությունը կպահպանեն առնվազն երեք տասնամյակ։