2009-2010 թվականներին Սիրիայի ու Ռուսաստանի կնքած պայմանագրերով նախատեսված 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 զենթիահրթիռային համակարգների տրամադրումը չեղյալ է հայտարարվել: Սակայն չտրամադրվող համակարգները Ռուսաստանը ոչ թե կոչնչացնի, այլ կմատակարարի այլ երկրի, հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ այս մասին հայտարարել է համակարգներն արտադրող «Ալմազ-Անթեյ» պետական ընկերության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնը: Պաշտոնյան նշել է, որ օրեր առաջ տարածված տեղեկատվությունն այն մասին, որ համակարգները ոչնչացվելու են, չի համապատասխանում իրականությանը, նման որոշում չկա: Ընկերության փոխտնօրենը հայտնել է, որ զենիթահրթիռային համակարգները պատրաստ են, սակայն դրանց ապագան դեռ որոշված չէ:
Միևնույն ժամանակ ռուսաստանյան կողմը մտադիր չէ վնասներ կրել չկատարված պայմանագրի պատճառով, ու ըստ լրատվական գործակալության՝ ՌԴ ՊՆ-ում ունեցած աղբյուրների՝ այլ երկրից պատվեր լինելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է համակարգները տրամադրել պատվիրատուին:
Որպես պատվիրատուի հավանական թեկնածու էլ նշվում է Եգիպտոսը, որը դեռևս ԽՍՀՄ-ից գնել էր Ս-300 զենիթահրթիռային համակարգներ, և Ռուսաստանի ու Սիրիայի պայմանագրի կատարման չեղյալ հայտարարվելուց հետո հետաքրքրություն է հայտնել համակարգների նկատմամբ:
Ավելացնենք, որ 2009-2010 թվականներին Սիրիան Ռուսաստանին պատվիրել էր մատակարարել 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգներ, սակայն Սիրիայի վրա դրված զենքի ներկրման արգելքների պատճառով Ռուսաստանը հնարավորություն չունեցավ համակարգները տրամադրել սիրիական զինված ուժերին:
Նշենք, որ խորհրդային/ռուսաստանյան Ս-300-ը հակաօդային պաշտպանության զենիթահրթռիային համակարգերի ընտանիք է՝ մի շարք տարբերակներով ու արդիականացումներով: Համակարգերը նախատեսված են վարչական, արդյունաբերական, ռազմական կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանության համար: Կարող է խոցել ինչպես բալիստիկ, այնպես էլ աերոդինամիկ թիրախներ տարբեր հեռավորությունների ու բարձրությունների վրա՝ կախված արդիականացումից:
Համակարգերի ՊՄՈւ-2 «Ֆավորիտը» տարբերակները շահագործման են հանձնել 1997-ին։ Համակարգը աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 195 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 40 կմ առավելագույն հեռավորության վրա։
Pingback: Ռուսաստանը կարող է Ս-300ՎՄ համակարգեր վաճառել Եգիպտոսին | Ռազմ.info