Ռուսաստանը կարող է Ս-300ՎՄ համակարգեր վաճառել Եգիպտոսին

Եգիպտոսը Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել, որով նախատեսված է, որ ռուսաստանյան սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանող «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը Եգիպտոսի զինված ուժերին է հանձնելու Ս-300ՎՄ զենիթահրթիռային համակարգեր: Ռուսաստանյան «Վեդոմոստիին» այս մասին հայտնել են սեփական աղբյուրները պետական ընկերությունում:

Արտասահմանյան գնորդի համար նախատեսված Ս-300ՎՄ զենիթահրթիռային համակարգերի շասսին ու իրանը ռուսաստանյան «Ալմազ-Անթեյի» գործարաններից մեկում

Արտասահմանյան գնորդի համար նախատեսված Ս-300ՎՄ զենիթահրթիռային համակարգերի շասսին ու իրանը ռուսաստանյան «Ալմազ-Անթեյի» գործարաններից մեկում

Պաշտոնական մակարդակով պայմանագրի մասին տեղեկություններ ո´չ Ռուսաստանը, ո´չ Եգիպտոսը չեն հայտնել: Միևնույն ժամանակ անհայտ է մատակարարվելիք զենիթահրթիռային համալիների քանակը՝ չնայած, որ հայտնի է պայմանագրով Եգիպտոսի վճարելիք գումարը՝ շուրջ 500 մլն ամերիկյան դոլար:

Նշենք, որ մինչ այս տեղեկություններ կային, որ «արտասահմանյան պատվիրատուի» համար ռուսաստանյան գործարաններում արդեն պատրաստել են Ս-300ՎՄ համակարգերի թրթուռավոր շասսիներ: Ու քանի որ շասսիներն ու իրանները ներկված էին «ավազային» դեղնագույն, ապա կարելի է եզրակացնել, որ դրանք անապատային լանդշաֆտ ունեցող երկրի ու մասնավորապես հենց Եգիպտոսի զինված ուժերի համար են նախատեսված:

Հետաքրքիր է, որ Եգիպտոսի համար նախատեսված համակարգերի պատրաստման համար կարող են օգտագործված լինել նաև նախկինում Սիրիայի համար պատրաստված Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի մասերը: Բանն այն է, որ օգոստոսին հայտնի դարձավ, որ 2009-2010 թվականներին Սիրիայի ու Ռուսաստանի կնքած պայմանագրերով նախատեսված 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 զենթիահրթիռային համալիրների տրամադրումը չեղյալ է հայտարարվել: Պատճառը ՄԱԿ-ի՝ Սիրիայի վրա դրված զենքի ներկրման արգելքներն էին:

Ռուս-սիրիական գործարքի չեղարկումից հետո ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ չի պատրաստվում համակարգերը ոչնչացնել ու հավելյալ վնասներ կրել: համալիրն արտադրող «Ալմազ-Անթեյ» ռուսաստանյան ընկերությունը հայտնեց, որ մտադիր է Սիրիայի համար նախատեսված համալիրները քանդել ու դրանց մասերն ու հանգույցներն օգտագործել նոր համակագերի արտադրության մեջ:

Ավելացնենք, որ խորհրդային/ռուսաստանյան Ս-300-ը հակաօդային պաշտպանության ամակարգերի ընտանիք է՝ մի շարք տարբերակներով ու արդիականացումներով: Համակարգերը նախատեսված են վարչական, արդյունաբերական, ռազմական կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանության համար: Դրանք ունակ են խոցել ինչպես բալիստիկ, այնպես էլ աերոդինամիկ թիրախներ տարբեր հեռավորությունների ու բարձրությունների վրա՝ կախված արդիականացումից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *