Սիրիայում չեզոքացվել է իսլամիստ մահապարտների վերապատրաստող դաշտային հրամանատարը

Սիրիայի կառավարական ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» խմբավորման դաշտային հրամանատար Աբու Աբդալլա ալ-Իրաքիին, որը պատասխանատու էր մահապարտների վերապատրաստման համար։

Այս մասին տեղեկացնում է արաբական «Ալ Մանար» հեռուստաընկերությունը։ Աղբյուրը վկայում է, որ հրամանատարին չեզոքացրել են Սիրիայի զինված ուժերի ու «Հըզբոլլահ» շարժման համատեղ հատուկ գործողության արդյունքում։ Նրանք կիրառել են նաև մարտական ուղղաթիռներ և հրետանի։ Համաձայն աղբյուրի՝ ալ-Իրաքին զինյալների էր վերապատրաստում հիմնականում Քալամուն լեռների մերձակայքում։ Նրա պատրաստությունն անցած մահապարտներին ծրագրում էին ուղարկել Սիրիայի ու Լիբանանի մարդաշատ վայրեր՝ ահաբեկչական գործողությունների իրականացման համար։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2014-ի սկզբից մինչ օրս Լիբանանում արձանագրված բոլոր ահաբեկչությունների կազմակերպիչը հենց ալ-Իրաքին էր։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» (նախկին՝ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») իսլամիստական խմբավորումը 2014-ի հունիսի սկզբին սկսել էր Իրաքի հյուսիսային ու արևմտյան հատվածների խոշոր քաղաքների գրավման գործընթացը։ Նրանց հաջողվել էր հանկարծակի գրոհների արդյունքում իրենց վերահսկողության տակ վերցնել մի քանի քաղաքներ. հունիսի 10-ին նրանք գրավել էին Մոսուլը, ապա՝ հունիսի 11-ին՝ Տիգրիտը, մի քանի օր անց մոտեցել էին մայրաքաղաք Բաղդադին։ 

Նշենք նաև, որ օգոստոսի 15-ին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որի համաձայն պատժամիջոցներ են կիրառվելու Իրաքում ու Սիրիայում մարտնչող «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորումների անդամների և նրանց հետ առնչություն ունեցողների դեմ։ Այդ ցուցակում դեռևս ընդգրկված են 6 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *