2014-ի սեպտեմբեր ամսին ակնկալվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախար Իսմեթ Յըլմազի գլխավորած պատվիրակության այցն Ադրբեջան, որի ընթացքում նախատեսվում է անցկացնել պաշտոնական մի շարք հանդիպումներ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։
Հայտնի է, որ պատվիրակության կազմում ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, լինելու է նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության քարտուղար Իսմայիլ Դեմիրը։
Նշվում է նաև, որ պատվիրակությունը կայցելի նաև սեպտեմբերի 11-ից 13-ը Բաքվում անցկացվող ADEX-2014 միջազգային ռազմական ցուցահանդես, որին մասնակցելու են նաև թուրքական ընկերություններ։
Հավելենք, որ ռազմական ոլորտի համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի միջև արտահայտվում է նաև տարատեսակ սպառազինության մատակարարմամբ։ Համաձայն ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակված տվյալների, 2013-ին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 3 միավոր 122 մմ-անոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և նույն տրամաչափի հրետանային 1000 արկ։
Պետք է նշել նաև, որ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրն ամբողջությամբ չի արտացոլում տարբեր երկրների, այդ թվում նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև տեղ գտած սպառազինության առևտրի ողջ ծավալը։