Ֆրանսիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը ստացել են թվով չորրորդ A400M բեռնատար ինքնաթիռը։ Airbus Space & Defense ընկերությունն ինքնաթիռը ֆրանսիական կողմին է հանձնել օգոստոսի 13-ին։ Նորագույն բեռնատար ինքնաթիռը տեղակայվել է Օռլեանի ավիաբազայում, փոխանցում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։
A400M-ի առաջին երկու օրինակները Ֆրանսիան ստացել էր 2013 թվականի ընթացքում, ևս մեկը՝ 2014 թվականի հուլիսին։
Նորագույն ինքնաթիռի ևս մեկ միավոր այս տարի ստացել էր նաև Թուրքիան։
Նշենք, որ եվրոպական Airbus Space & Defense ընկերության արտադրած A400M Atlas բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։
A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։
Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ նախատեսում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M:
Թուրքիան Ֆրանսիայից հետո երկրորդ պետությունն է, որը ստացել է նորագույն ինքնաթիռից։ Թուրքիայի զինված ուժերն ընդհանուր ստանալու է 10 միավոր նորագույն ինքնաթիռներից, ինչի համար վճարելու է 1,5 մլրդ ամերիկյան դոլար։ Սպասվում է, որ A400M-երը Թուրքիային կփոխանցվեն առաջիկա 4 տարիների ընթացքում։
Թուրքական առաջին A400M-ը տեղակայվել է Կայսերիի (Կեսարիա) 221-րդ ավիաբազայում։ Այն ստացել է հայտնի թուրք ըմբիշ Քոջա Յուսուֆի անունը։