Թուրքիան կործանիչների համար 320 մլն դոլարի զինամթերք է գնում ԱՄՆ-ից

Թուրքիան դիմել է Միացյալ Նահանգներին՝ շուրջ 320 մլն ամերիկյան դոլարի զինամթերք գնելու համար։ Թուրքական կողմը ցանկանում է ձեռք բերել AIM-120C-7 AMRAAM հրթիռներ, որոնք կիրառելու է ներկայիս F-16 կործանիչների և պատվիրած F-35 կործանիչների համար։

F-16. Թուրքիայի ԶՈւ

F-16. Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի կառավարությունը զինամթերքը ձեռք բերելու հայտն ուղարկել է ԱՄՆ պետքարտուղարությանն ու Ռազմական համագործակցության գործակալությանը (DSCA)։ DSCA-ն արդեն դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ վաճառքի թույլտվություն ստալանու համար՝ նշելով, որ վաճառքը Թուրքիային նպատակահարմար է համարում։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան ցանկանում է գնել 145 միավոր AIM-120C-7 միջին հեռահարության «օդ-օդ» տեսակի կառավարվող հրթիռներ, հրթիռների ինքնանշանառման 10 համակարգ, 40 միավոր LAU-129 արձակման կայաններ, կոնտեյներներ, պահեստամասեր, ինչի համար վճարելու է 320 մլն ամերիկյան դոլար։ Գումարի մեջ ներառված է նաև թուրք զինծառայողների համար նոր զինամթերքով աշխատելու ուսուցումը։

AIM-120 AMRAAM

AIM-120 AMRAAM

AIM-120 AMRAAM հրթիռներն ամերիկյան զինուժը սկսել է կիրառել 1991 թվականից։ Մեկ միավորի մոտավոր արժեքն է 1.2 մլն ամերիկյան դոլար։ AIM-120C-7-ն հրթիռի արդիականացված տարբերակն է, որը սպառազինության է հանձնվել 2006 թվականից։ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերն իրենց կործանիչների սպառազինությունում ունեն AIM-120 AMRAAM հրթիռների ավելի վաղ արտադրված տեսակներ։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերը ներկայում իր շարքերում ունեն շուրջ 230 միավոր F-16 կործանիչներ։ Այս տարի թուրքական կողմը հայտնեց նաև F-35 հինգերորդ սերնդի կործանիչներ գնելու մասին։ Անկարան պատվիրել է 2 միավոր F-35 և ցանկություն հայտնել ձեռք բերել ընդհանուր 100 միավոր նորագույն ինքնաթիռից։

One response to “Թուրքիան կործանիչների համար 320 մլն դոլարի զինամթերք է գնում ԱՄՆ-ից

  1. Pingback: Թուրքիան կործանիչների համար 320 մլն դոլարի զինամթերք է գնում ԱՄՆ-ից | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *