Թուրքիայում որոշել են տեղական արտադրության առաջին տանկի՝ «Ալթայի» համար պատվիրել թուրքական ընկերության առաջարկած շարժիչները։ Նման որոշում է կայացվել օգոստոսի 6-ին անցկացված Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ։
Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովն ընտրել է «Թյումոսան» (TÜMOSAN) ընկերության առաջարկած շարժիչները։ «Թյումոսանը» մասնագիտացած է ավտոբուսների և բեռնատարների շարժիչների արտադրության վրա։ Պետությունն ընկերության հետ արդեն սկսել է բանակցությունները՝ պայմանագիր կնքելու վերաբերյալ։
Թուրքական կողմն ավելի վաղ բանակցում էր ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերության հետ՝ թուրքական Ալթայ (թուրք՝ Altay) տանկի համար շարժիչների՝ Թուրքիայի տարածքում համատեղ արտադրություն հիմնելու վերաբերյալ։ Թուրքական կողմից նախագծին պետք է մասնակցեր TUSAS Engine Industries ընկերությունը։ Այնուամենայնիվ, բանակցությունները հաջող ընթացք չեն ունեցել, ինչի հետևանքով էլ Անկարան հրաժարվել է հետագա համագործակցությունից։
Մասնավորապես, Թուրքիայի համար առաջնային է եղել Ալթայ տանկը հետագայում այլ երկրներ արտահանելու հարցը, ինչը հնարավոր չէր լինի անել ճապոնական ընկերության հետ համատեղ արտադրած շարժիչներով, քանի որ Ճապոնիայում մի քանի տասնամյակ է, ինչ գործում է ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման լրջագույն սահմանափակումներ։
Թեև վերջին շրջանում Ճապոնիայում որոշակի մեղմվել են ռազմական արտադրանքի արտահանման արգելքները, ամեն դեպքում, թուրքերը խնդիրներ էին ունենալու ճապոնացիների հետ համատեղ շարժիչներով տանկերի արտահանման հարցում։
Նշենք, որ թուրքական արտադրության առաջին տանկը՝ Ալթայը, ներկայում շարունակում է փորձարկումներ անցնել։ Սպասվում է, որ այն կարող է սերիական արտադրությունը սկսել 2015 թվականին։
Ալթայ (Altay) հիմնական մարտական տանկը նախագծել է թուրքական Օթոքար ընկերությունը Թուրքիայի զինված ուժերի պատվերով։ Այն անվանվել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի անունով, ով քեմալական շարժման ակտիվ մասնակիցներից է։
Առաջին թուրքական տանկի ստեղծման համար հիմնականում օգտագործվել է հարավկորեական K2 Black Panther տանկի համար կիրառված տեխնոլոգիաներն ու լուծումները։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 10-16 | Ռազմ.info