Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանում տիրող իրավիճակին, բանակի մարտունակության բարձրացմանը, տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներին:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակի հրամանատարությանը և ողջ անձնակազմին ու մյուս կառույցների համապատասխան ստորաբաժանումներին` սահմաններն անսասան պահելու, հակառակորդի ներթափանցման փորձերը կասեցնելու, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանելու համար` նշելով, որ նրանց աշխատանքը անձնվիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության լավագույն դրսևորումներից է, ինչը հպարտություն է ներշնչում ողջ հայությանը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին քննարկված հարցերի և դրանց արդյունավետ իրականացման վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: