Փոխհրաձգություն Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանին. կա զոհ

Օգոստոսի 9-ին՝ երեկոյան ժամերին, Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանին հերթական փոխհրաձգությունն է արձանագրվել Տուպակուլ բնակավայրի ուղղության հատվածում։ Տաջիկ սահմանապահները կրակ են բացել ձիերով սահմանին մոտեցող 3 կասկածելի, զինված անձանց ուղղությամբ։ Փոխհրաձգության պատճառով նրանցից մեկը սպանվել է։

տաջիկ-ղրղզական սահման. աղբյուրը՝ novayagazeta-ug.ru

տաջիկ-ղրղզական սահման. աղբյուրը՝ novayagazeta-ug.ru

Ինչպես հաղորդում է «Արգումենտի ի ֆակտի» թերթի ղրղզական ճյուղը, օգոստոսի 10-ին տաջիկները Ղրղզստանին են հանձնել սպանվածի դին, որը թերևս Ղրղզստանի քաղաքացի էր։ Տաջիկական աղբյուրների համաձայն՝ տաջիկ սահմանապահներին հաջողվել է ձերբակալել երկուսին, միջադեպի վայրում հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի որսորդական հրացանч 8 փամփուշտներով, արտասահմանյան արտադրության հեռադիտակ, այլ զենք-զինամթերք։ Ղրղզական կողմը ներկայումս բանակցություններ է վարում երկու ձերբակալվածներին վերադարձնելու ուղղությամբ։

Նկատենք, որ Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանային բախումները պարբերական բնույթ են կրում։ Դեռևս 2014-ի հունվարի 11-ին Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանապահների միջև փոխհրաձգություն էր եղել Աք-Սայ գյուղի մերձակայքում: Ղրղզական կողմը վկայում էր՝ տաջիկներն իրենց դեմ կիրառել են ականանետեր, ինչի հետևանքով էլ 6 ղրղզ սահմանապահ վիրավորվել է:

Տաջիկստանը պնդում է, որ ղրղզական կողմն է մեղավոր, քանի որ «փորձեր է ձեռնարկել շարունակելու ավտոճանապարհի շինարարությունը, որի մի մասը Տաջիկստանի տարածքով է անցնում»: Տաջիկների վարկածի համաձայն՝ իրենց սահմանապահները պահանջել են անհապաղ դադարեցնել շինարարությունը, ապա վեճ է բռնկվել կողմերի միջև, հրաձգությունը տևել է մեկ ժամ:

Նշենք, որ 2014-ի հունվարի 7-ին Ղրզստանի և Տաջիկստանի միջպետական հանձնաժողովների համատեղ նիստին քննարկվել էր նաև սահմանային հիմնախնդիրը՝ որոշում կայացնելով որոշ հատվածներում համատեղ պարեկություն իրականացնել: Միջադեպը եղել էր հենց համատեղ պարեկության անցակետում:

Հավելենք, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանի երկարությունը շուրջ 1000 կմ է: ԽՍՀՄ փլուզումից հետո կողմերն ունեն ավելի քան 70 վիճելի տարածքներ սահմանի երկայնքով: Իրավիճակը լարված է հատկապես Բաթքենի շրջանի սահմանամերձ հատվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *