102-րդ ռազմաբազայի զինծառայողները խոցել են մոտ 150 թիրախներ «Ալագյազ» զորավարժարանում

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ՀՕՊ զենիթային ստորաբաժանումների ավելի քան 250 զինծառայողներ պատրաստվում են մեկնել ՌԴ-ի Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարան:

ԲՈւԿ-մ1-2 զենիթահրթիռային համալիրից արձակված կրակ

ԲՈւԿ-մ1-2 զենիթահրթիռային համալիրից արձակված կրակ

Ինչպես հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, մեկնելուց առաջ բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում զենիթահրթիռային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են մի շարք պարապմունքներ։

Զինծառայողները կատարել են ավելի քան 150 մարտավարական խնդիրներ հետախուզության, թիրախների հայտնաբերման ու չեզոքացման շրջանակներում։ Ընդ որում, նրանք, ըստ աղբյուրի, վարժանքների ժամանակ ոչնչացրել են պայմանական հակառակորդի ավելի քան 500 խմբակային ու առանձին օդային թիրախներ։

Հայտնի է նաև, որ «Կապուստին Յար» զորավարժարանում 102-րդ ռազմաբազայի  զինծառայողներին սպասվում  է մարտավարական զորավարժություն՝ օդային թիրախների ուղղությամբ արձակված մարտական կրակի ուղեկցությամբ։ Վարժանքների մեծ մասն անցկացվելու է գիշերային ժամերին՝ տապի պատճառով։

Նկատենք, որ համանման զորավարժությունները ՀՕՊ զորքերի վերապատրաստման կարևորագույն ու հիմնական փուլերից են։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ ՀՌՕ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է նաև մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄիԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *