«Պետք է դասեր քաղել քննադատությունից, սակայն…». Պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու մարտական պատրաստության վիճակը, ինչպես նաև հրետանու ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Կոլեգիայի նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչություն պետ, գեներալ-մայոր Ա.Մարդոյանը և բարձրաստիճան այլ զինվորականներ:
Կոլեգիայի նիստի ընթացքում պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև վերջին շրջանում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներին և խիստ ցուցումներ է տվել նիստին ներկա հրամանատարներին` արտակարգ պատահարների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ: Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև բանակի խնդիրների շուրջ հասարակական քննարկումներին: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Մենք հասկանում և ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է և պետք է դասեր քաղել դրանից, սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր և ամենօրյա շահարկումը: Այսուհետև պաշտպանական գերատեսչությունը առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով ու եթե այդ մարդիկ կեղծ տեղեկություններ և հերյուրանքներ տարածելով փորձեն վնաս հասցնել բանակին, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»:
Սկզբնաղբյուր՝ mil.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *