ՄԱԿ ԱԽ-ում խաղաղապահ գործողությունների վերաբերյալ բաց քննարկումներ էին

Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի և տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներին:

Դեսպանը կարևորեց ՄԱԿ-ի առանցքային դերը խաղաղապահ գործողությունների ծրագրավորման, համակարգման և իրագործման ոլորտներում` առանձնահատուկ ընդգծելով գործունեության հիմնական դերակատարների, այդ թվում Անվտանգության խորհրդի, Գլխավոր քարտուղարի և խաղաղապահ ուժեր տրամադրող պետությունների ու տարածաշրջանային կազմակերպությունների միջև համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

Մնացականյանը նաև նշեց ՄԱԿ-ի հնարավորությունները` խաղաղապահ գործունեության միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման և խթանման հարցում:

Խոսելով խաղաղապահ գործողություններում Հայաստանի փորձառության մասին` դեսպանն ընդգծեց այն զգալի ներուժը, որը երկիրը ձևավորել է վերջին երկու տասնամյակի ընթացքում` մասնավորապես հիշատակելով ՀՀ զինված ուժերում խաղաղապահ ստորաբաժանման առկայության հանգամանքը:

Իր ելույթում Մնացականյանը մասնավորապես նշեց. «Որպես խաղաղապահ գործողություններում ներգրավված երկիր` Հայաստանը կուտակել է զգալի փորձ` մասնակցելով Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին:

Գալիք հոկտեմբերին Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը, ինչը ՄԱԿ-ի շրջանակներում մեր մասնակցության ընդլայնման վառ ապացույցն է: Որպես ԵԱՀԿ անդամ պետություն` Հայաստանը դիտարկում է կազմակերպության հնարավոր դերակատարությունը խաղաղապահ գործողություններում` ըստ յուրաքանչյուր իրավիճակի, իսկ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համագործակցում` խաղաղապահության նախապատրաստման գործում»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *