Պերուն զրահատեխնիկա է գնում նոր կազմավորվող ծովային գումարտակների համար

Պերուի պաշտպանության նախարարությունը General Dynamics ընկերության կանադական մասնաճյուղին պատվիրել է տրամադրել 32 միավոր LAV-2 անվավոր զրահափոխադրիչներ: «Ջեյնս» ռազմական հանդեսի տվյալներով՝ զրահափոխադրիչների համար Պերուն նախատեսում է վճարել 67 մլն ամերիկյան դոլար:

LAV-2 (Light Armoured Vehicle-2) զրահափոխադրիչները փոխարինելու են Պերուի զինված ուժերում 1987-ից շահագործվող Pegaso BMR-600 զրահափոխադրիչներին: Բացի այդ, նոր զրահափոխադրիչները հիմք կլինեն Պերուի ռազմածովային ուժերի երկու նոր գումարտակների կազմավորման համար:

Կանադական LAV-2 Bison զրահափոխադրիչ

Կանադական LAV-2 Bison զրահափոխադրիչ

Դա նախատեսված է Պերուի ռազմածովային ուժերի արդիականացման ծրագրով, որի արդյունքում պերուական ռազմածովային ուժերը մինչև 2016-ը կհամալրվեն ևս 1800 զինծառայողներով, ինչպես նաև համապատասխան տեխնիկայով:

Ծրագրի իրագործման համար Պերուի պաշտպանության նախարարությունը, բացի կանադական LAV-2 զրահափոխադրիչներից, պատրաստվում է գնել նաև մի շարք նավեր ու կատերներ:

Ավելացնենք, որ կանադական LAV-2 Bison զրահափոխադրիչը 13 տոննանոց, 8×8 ընթացամասով զրահապատ մեքենա է, որ նախատեսված է անձնակազմի տեղափոխման համար: Զինված է 7,62 մմ գնդացրով:

Մինչ Պերուին մատակարարվելը, այս զրահափոխադրիչները առկա են միայն Կանադային, ԱՄՆ-ի ու Ավստրալիայի զինված ուժերի սպառազինություններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *