Թունիսը ցանկանում է 12 միավոր UH-60M Black Hawk ուղղաթիռ գնել ԱՄՆ-ից

Թունիսի պաշտպանության նախարարությունը 12 միավոր UH-60M Black Hawk բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ գնելու հայտ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ հստակեցնելով տեխնիկական միջոցների ու սպառազինության այն տեսակները, որոնցով պետք է համալրված լինեն ուղղաթիռները։ Այս մասին հայտնում է «Jane’s» ռազմական հանդեսը։

UH-60M Black Hawk ուղաթիռ

UH-60M Black Hawk ուղաթիռ

Ամերիկյան կողմն արդեն իսկ դիմել է Կոնգրեսին՝ ստանալու համար ուղղաթիռները Թունիսին վաճառելու թույլտվություն։ Նշվում է, որ համաձայնության դեպքում, կողմերի միջև կարող է կնքվել շուրջ 700 միլիոն ամերիկյան դոլար գնահատվող պայմանագիր։

Նշենք՝ պատվիրատուն ցանկանում է, որ UH-60M Black Hawk ուղղաթիռները համալրված լինեն էլեկտրոնային օպտիկական և ինֆրակարմիր համակարգերով, օդաչուների գիշերային տեսողության սարքերով, իսկ պաշտպանական համակրգի մեջ պետք է առկա լինեն ուղղաթիռի ռադիոճառագայթման և լազերային նշանառության տակ լինելու մասին ծանուցող սարքավորումներ։

Նշվում է, որ Թունիսում այս ուղղաթիռները մտադիր են օգտագործել պետական սահմանների պարեկության և տարերային աղետների ժամանակ մարդկանց տարհանման համար։ Այլ կերպ ասած՝ ինչպես ռազմական, այնպես էլ մարդասիրական նպատակներով։ Տեղեկացնենք, որ ավելի վաղ նմանաբնույթ խնդիրների լուծման համար Թունիսը եվրոպական Eurocopter կոնսորցիումից ավելի քան 400 միլիոն ամերիկյան դոլարով գնել էր 6 միավոր EC725 Caracal բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ։

Ամերիկյան Սիկորսի ուղղաթիռաշինական կորպորացիայում արտադրվող UH-60M Black Hawk (Սև շահեն) բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը շահագործվում է 1979-ից։ Մինչ օրս արտադրվել է դրա ավելի քան 4 000 օրինակ։ 4 Հոգանոց անձնակազմ ունեցող (2 օդաչու, 2 կողային գնդացրորդ) ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 5 800 մետր է։ Սպառազինությունում ուղղաթիռն ունի տարբեր տրամաչափի գնդացիրներ, 70 մմ-անոց «Հիդրա» չկառավարվող հրթիռներ, ինչպես նաև լազերային նշանառությամբ օժտված «Հելֆայր» հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *