Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Ներկայում հիմնական զարգացումները Լուգանսկի և Դոնեցկի մերձակայքում են։
Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։
20:50-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը հայտնել է, որ Դոնեցկն ամբողջությամբ շրջափակման մեջ առնելու նպատակով ուժայինները մեծածավալ գրոհ են նախաձեռնել Շախտյորսկ և Տորեզ քաղաքների ուղղությամբ։ Նշվում է, որ գրոհում ներգրավված է 200-ից 250 միավոր զրահատեխնիկա։ Ապստամբներին դեռևս հաջողվում է դիմակայել և թույլ չտալ դիրքային փոփոխություն։
19։30-Ռուսաստանյան «Ռոսիա 1» հեռուստաալիքի ռեպորտաժը ՌԴ-ի տարածքում ապաստան խնդրած ուկրաինացի 40 զինծառայողների մասին։ Հիշեցնենք, որ շուրջ 4 տասնյակ զինծառայողների զորամասերը թողնելու և ՌԴ-ի սահման անցնելու մասին տեղեկությունը հաստատել էր նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Հելեթեյը:
18։05”Լուգանսկի քաղաքային խորհուրդը լրատվամիջոցներին հայտնել է, որ հուլիս ամսվա ընթացքում ուժայինների գործողությունների հետևանքով քաղաքում զոհվել է 93 խաղաղ բնակիչ։
17։10-Կիևյան իշխանությունների կողմնակիցներից կազմված «Այդար» գումարտակն անցնող օրերին Դոնբասում ընթացող մարտերիում կորցրել է 23 մարտիկ։ Այս մասին հայտնող գրառումն արվել է գումարտակի ֆեյսբուքյան էջում։
16։15”Ակտիվ մարտեր են ընթանում Դոնեցկ քաղաքի արվարձաններում, ուժայիններն այս ուղղությամբ կենտրոնացրել են մեծաքանակ զորք ու զրահատեխնիկա։ Հրետանային ինտենսիվ կրակի տակ են ապստամբների դիրքերը։
15:30-Դոնեցկի ապստամբ ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովն արձակել է հրաման, որում նշված են գերի հանձնված ուժայինների հետ վարվելու պայմանները։ Ըստ այդմ, նրանց շնորհվում է ռազմագերու կարգավիճակ ու հետևաբար գործում են միջազգային կոնվենցիաներով գերիների համար սահմանված բոլոր կետերը։
14:45-Դոնեցկի ապստամբ ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը պատասխանելով իր հասցեին հնչած այն մեղադրանքին, թե մալայզիական օդանավը խոցելու հրամանը տվել է ինքը՝ հայտարարել է, թե նման բան լինել չէր կարող, քանի որ իրեն ենթակա ուժերի տրամադրության տակ երբևէ չի եղել «Բուկ» զենիթահրթռիային համալիր։
14։00-ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը նախնական գնահատական է տվել Ուկրաինայի օդային տարածքում խոցված Բոինգ 777 օդանավի միջադեպին։ Ըստ այդմ, ՄԱԿ-ում որակել են դա որպես հանցագործություն մարդկության դեմ և նշել, որ մեղավորները պետք է պատժվեն ողջ խստությամբ։
13։40”ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է Ուկրաինային վերաբերող զեկույց, որում նշված է, որ հակամարտության մեկնարկից մինչ օրս զոհվել է շուրջ 1130 խաղաղ բնակիչ։ Թվի մեջ ներառված են նաև մալայզիական խոցված օդանավի 295 ուղևորները։
13։15-Համացանցում հայտնվել է հուլիսի 27-ով թվագրված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է չկառավարվող երկու հրթիռ վնասում բնակելի բազմահարկ շենքը։
12։30-Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չի բանակցել ու չի բանակցի Ղրիմի հարցով, քանի որ այն ՌԴ անբաժան մասն է։
11։50-Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Մուժենկոն նախագահ Պորոշենկոյին զեկուցել է, որ իրենց հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Դոնեցկի շրջանի Շախտյորսկ բնակավայրի հարևանությամբ գնվող Սաուր-Մոգիլա ռազմավարական բարձունքը։ Հիշեցնենք, որ հենց այս բարձունքից էին ապստամբները հրետակոծության ենթարկում ուժայինների դիրքերը։