Բոինգը Ֆրանսիայի շահագործմանը վերադարձրեց հեռավոր հայտնաբերման E-3F ինքնաթիռը

Ամերիկյան Բոինգ ավիաշինական հսկան հայտնել է, որ 2014-ի հուլիսի 16-ին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի շահագործմանն է հանձնել հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման E-3F ինքնաթիռը, որն արդիականացում էր անցնում Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում։ Ինքնաթիռի արդիականացման գործում իր ներդրում է ունեցել ավիաշինական մի քանի այլ ընկերություն ևս։ Այս մասին հայտնող հաղորդագրությունը Բոինգի մամուլի կենտրոնը տարածել է 2014-ի հուլիսի 22-ին։

Հեռավոր հայտնաբերման E-3F ինքնաթիռ. Ֆրանսիայի ՌՕՈւ

Հեռավոր հայտնաբերման E-3F ինքնաթիռ. Ֆրանսիայի ՌՕՈւ

Ֆրանսիան ընդհանուր առմամբ պատվիրել է 4 միավոր E-3F ինքնաթիռի արդիականացում, որը պետք է ավարտվի մինչև 2016 թվականը։ Ինքնաթիռները երկրի ռազմաօդային ուժերի կազմը համալրել են դեռևս 1990-ականների սկզբին։

Ինչպես և ակնկալվում էր, արդիականացման ընթացքում տարված աշխատանքների զգալի մասը բաժին են ընկնում ինքնաթիռի էլեկտրոնային համակարգին և տեղորոշման գործառույթների համար պատասխանատու սարքավորումներին։ Արդյունքում, զգալիորեն մեծացել է ոչ միայն այն հեռավորությունը, որի վրա E-3F-ն ունակ է հայտնաբերել օդային թիրախները, այլև ավելի արդյունավետ է դարձել սեփական օդուժի ինքնաթիռների կոորդինացումը։

Հարկ է նշել նաև, որ ինքնաթիռը ենթարկվել է ոչ միայն տեխնիկական, այլև ծրագրային թարմացման։ E-3F-ի ռադիոտեղորոշիչ հայտնաբերման համակարգի վրա տեղադրվել է ծրագրային նոր ապահովում, որին աստիճանաբար անցում են ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև ԱՄՆ-ի հեռավոր հայտնաբերման ինքնաթիռները։ Շնորհիվ այս նորույթի, հնարավոր է արդյունավետության շատ ավելի մեծ աստիճանով օգտագործել ռադիոլոկացիոն հայտնաբերման կայանի տեխնիկական հնարավորությունները։

Բոինգ 707 ուղևորատար ինքնաթիռի հիման վրա նախագծված E-3-ն իր առաջին թռիչքը կատարել է 1977-ին։ 13 հոգանոց անձնակազմ ունեցող ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 850 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 12 500 մետր է։ E-3-ը կարող է անդադար օդում մնալ մինչև 8 ժամ, իսկ օդային լիցքավորման հնարավորության շնորհիվ՝ էլ ավելի շատ։ E-3-ի արտադրությունը դադարեցվել է 1992-ին ու այդ ընթացքում հավաքվել է դրա 68 օրինակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *