Ռուսաստանն Աֆղանստան է ուղարկել ևս 3 Մի-17Վ-5 ուղղաթիռ

Ռուսաստանն Աֆղանստան է ուղարկել հերթական 3 միավոր Մի-17Վ-5  ուղղաթիռ, իսկ ահա ուղղաթիռների փոխանցումը կավարտվի ընթացիկ տարվա սեպտեմբերին։

ԱՄՆ ԶՈւ զինծառայողներն ապահովում են Մի-17 ուղղաթիռի անվտանգ վայրէջքն Աֆղանստանում

ԱՄՆ ԶՈւ զինծառայողներն ապահովում են Մի-17 ուղղաթիռի անվտանգ վայրէջքն Աֆղանստանում

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի իր աղբյուրին։

Ուղղաթիռների հերթական եռյակը «Ռոսօբորոնէկքսպորտն» արդեն տրամադրել է պատվիրատուին։ Այս պահին ԱՄՆ-ի հետ ունեցած պայմնագրի համաձայն՝ Աֆղանստանին մնացել է փոխանցել 9 ուղղաթիռ։ Հերթական խմբաքանակը պատվիրատուին կհասնի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին»,- մասնավորեցրել է գործակալության աղբյուրը։

Հավելենք, որ ուղղաթիռները հավաքվում են Կազանի գործարանում և Քաբուլ տեղափոխվում ԱՆ-124 «Ռուսլան» տիպի բեռնատար ինքնաթիռով՝ ամեն անգամ 3 ուղղաթիռ։

Նշենք, որ պայմանագրի կատարման վրա չեն ազդի նաև ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Պատճառն այն է, որ ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» պետական ընկերությունը, որն էլ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ կնքել է ուղղաթիռների տրամադրման պայմանագիրը, չի ընդգրկվել ուկրաինական ճգնաժամի հետ կապված Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ենթակա ընկերությունների շարքում։

Ընկերությունը պատժամիջոցների ենթակա կառույցների ցուցակից դուրս է մնացել մասնավորապես նաև այն պատճառով, որ Պենտագոնը ԱՄՆ սենատին հորդորել է չկիրառել այդ պատժամիջոցները «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ, որպեսզի պայմանագրի կատարումը չկասեցվի:

Հիշեցնենք, որ 2013-ին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կնքած պայմանագրով, որով երկու կողմերը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի համար աֆղանական կառավարությանը պիտի հանձնեին 30 միավոր ուղղաթիռ, 2014-ի թվականի սկզբից Ռուսաստանը Աֆղանստանին է տրամադրել 12 միավոր ՄԻ-17Վ-5 բեռնատար ուղղաթիռներ:

Եվս 3 ուղղաթիռ Ռուսաստանը նախատեսում էր ուղարկել Աֆղանստան 2014-ի մայիսին, իսկ պայմանագրով նախատեսված մնացած 18 միավոր ուղղաթիռները՝ մինչև 2014-ի ավարտը:

Նշենք, որ Աֆղանստանին բեռնատար ուղղաթիռներ տրամադրելու առաջին պայմանագիրը ԱՄՆ կառավարության ու ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէկսպորտ» գործակալության միջև կնքվել է 2011-ի մայիսին: Պայմանագրով նախատեսված 21 ուղղաթիռների տրամադրումը Ռուսաստանը ավարտել է 2012-ի կեսերին:

2012-ին երկու երկրները կնքել են ևս մեկ պայմանագիր, որով Ռուսաստանը 2013-ի ընթացքում Աֆղանստանին է տրամադրել ևս 12 միավոր Մի-17Վ5 ուղղաթիռներ:

2013-ին ԱՄՆ կառավարությունն ու ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտը» կնքել են երրորդ պայմանագիրը, որով Ռուսաստանը պարտավորվել է 30 միավոր Մի-17Վ5 ուղղաթիռներ աֆղանական կառավարությանը հանձնել 2014-ի ընթացքում:

Ընդհանուր առմամբ երկու երկրների պայմանավորվածության արդյունքում Աֆղանստանն արդեն ստացել է 48 միավոր ուղղաթիռներ, իսկ ևս 15-ը կստանա մինչև 2014-ի ավարտը: Ընդ որում՝ ԱՄՆ կառավարությունը որոշել է գնել հենց Մի-17Վ-5 ուղղաթիռներ, քանի որ Աֆղանստանի ռազմական օդաչուները վաղուց ընտելացած են այս տեխնիկային և անձնակազմի լրացուցիչ վերապատրաստման կարիք չկա, նշվում էր նաև, որ այս ուղղաթիռները առավելագույնն են հարմարեցված Աֆղանստանի լեռնային ռելիեֆին: Բացի ուղղաթիռների տրամադրումը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են նաև կատարել դրանց ընթացիկ սպասարկումը, որի համար ստեղծել են նպատակային հիմնադրամ:

Սիրիական ու ուկրաինական ճգնաժամները երբեմն սրումներ էին առաջացնում այս պայմանագրերի իրականացման համատեքստում: ԱՄՆ-ն հրաժարվում էր համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն Պենտագոնը կառավարությանը ստիպում էր վերանայել որոշումները, քանի որ Մի-17Վ5 ուղղաթիռները լավագույն տարբերակն էին Աֆղանստանին տրամադրելու համար, իսկ դրանք միջազգային շուկայում մատակարարելու հնարավորություն ուներ միայն Ռուսաստանը:

Ավելացնենք, որ Մի-17Վ-5 (Մի-8ՄՏՎ-5)-ը բազմաթիրախային ուղղաթիռ է։ Այն խորհրդային Մի-8 ուղղաթիռի արտահանվող տարբերակն է։ Կարող է կիրառվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական գործողությունների դեպքում։ Ուղղաթիռի անձնակազմը 3 հոգի է, դեսանտի քանակը կարող է լինել մինչև 24 մարդ։

Ուղղաթիռի զանգվածը շուրջ 7,5 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 13 տոննա։ 2000 ձիաուժանոց երկու շարժիչների օգնությամբ այն կարողանում է զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ շուրջ 590 կմ։

Նշենք, որ Մի-8/17 ընտանիքի ուղղաթիռներն աշխարհի մոտ 50 երկրների սպառազինության մեջ են։ Մեկ միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռի արժեքն է 14,75-17,5 մլն ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *