Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 23

Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Լարված է իրավիճակը Լուգանսկում և Դոնեցկում։ Մարտեր են ընթանում Սևերոդոնեցկի շրջակայքում։ Գիշերը պայթյուն է եղել Զապորոժյեյի հայկական եկեղեցու բակում։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Քաղաք Ձերժինսկ. 22.07.2014

Քաղաք Ձերժինսկ. 22.07.2014

21։30-Ուժայինները բավական դժվար կացության մեջ են դրել նաև Լուգանսկի շրջանի ապստամբ ուժերին։ Այս պահին ընթանում է խոշորածավալ հարձակում Լուգանսկ քաղաքի ուղղությամբ միանգամից 3 ուղղություններով։ Հայտնի է, որ ապստամբներին դեռևս հաջողվում է դիմակայել հարձակմանն ու պահպանել իրենց դիրքերը։

19:50-Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ իրենք ունեն տեղեկություններ՝ Ռուսաստանի տարածքից Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանները ներթափանցում են Ուկրաինայի տարածք, արձակում համազարկն ուժայինների դիրքերի ուղղությամբ և վերադառնում։

18։35-Ուժայինները հայտարարել են, որ իրենց հաջողվել է հսկողություն սահմանել Դոնեցկի շրջանի Կառլովկա, Նետայիլովա և Պերվոմայսկ բնակավայրերի նկատմամբ՝ վերոնշյալ բոլոր տեղերում բարձրացնելով Ուկրաինայի ազգային դրոշը։

16։50-Ուժայինները մեծ թափով շարունակում են ապստամբների դիրքերի հրետակոծումը Դոնեցկի շրջանում։ Ակնակլվում է, որ համազարկային կրակից հետո հարձակման կանցնեն ցամաքային զորքերը։ 

16։15-Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հաստատել է, որ հուլիսի 23-ին, կեսօրեին, հարավ-արևելքում կռվող ապստամբներին հաջողվել է խոցել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 2 միավոր Սու-25 գրոհիչ։ Լիսենկոն հավելել է, որ օդաչուներին հաջողվել է փրկվել ինքնանետման միջոցով։

15։40-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հերքել է շրջանառվող այն տեղեկությունները, թե զինված ուժերի 79-րդ աերոմոբիլ բրիգադն ընկել է ապստամբների շրջափակման մեջ։ Լիսենկոն հավելել է, որ ժամեր առաջ է խոսել բրիգադի սպաներից մեկի հետ, ով հավաստիացրել է՝ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է։

14։55- Լուգանսկ քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Քաղաքի մոտակայքում ընթացող մարտերի հետևանքով վնասվել են քաղաքին էլեկտրաէներգիա մատակարարող հոսանքալարերը։

14։50- Դոնեցկի ապստամբները հայտնել են, թե կարողացել են ուկրաինական ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռ խոցել, որը թռիչք էր կատարում Սաուր-գերեզման կոչվող տարածքում, որտեղ օրերս վայր էր ընկել մայայզիական ուղևորատար ինքնաթիռը։ Ապստամբները նշել են, որ խոցելուց հետո ինքնաթիռը թռել է Լուգանսկի ուղղությամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Թե ինչ ինքնաթիռ է եղել այն, տվյալներ չեն հաղորդվում։

13։10- Russia Today հեռուստաընկերությունը կորցրել է կապն Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում աշխատող իր լրագրողի հետ։ Գրեմ Ֆիլիփսի հետ կապի դուրս գալու քայլերն արդյունք չեն ունեցել։ Լրագրողը վերջին գրառումը Թվիթերում արել է հուլիսի 22-ի առավոտյան։ Ավելի վաղ՝ մայիսին, ռուսաստանյան հեռուստաալիքի լրագրողին ձերբակալել էին ուկրաինացի ուժայինները։

13։00- Դոնեցկը շարունակում է մնալ ապստամբների վերահսկողության ներքո։ Ուկրաինական ուժայիններն առաջանում են քաղաքի ուղղությամբ, իսկ ապստամբները շարունակում են ամրացնել դիրքերը՝ հնարավոր հարձակմանը դիմակայելու համար։

12։30- Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մասնակի մոբիլիզացիայի հրամանագիր է ստորագրել։ Հրամանագրի ստորագրման պատճառ է նշվում երկրի հարավ-արևելյան շրջաններում ստեղծված իրավիճակը։

12։00- Դոնեցկի ապստամբները ստիպված են եղել նահանջել Դոնեցկի միջազգային օդանավակայանի մատույցներից և քաղաքի մոտակայի երեք բնակավայրերից։ Ավելի վաղ ապստամբները փորձել էին շրջապատել օդանավակայանը, սակայն ավելի ուշ որոշել են լքել տարածքը։ Ապստամբները թողել են նաև Կառլովկա, Նետայլովո և Պերվոմայսկոե բնակավայրերը, տեղեկացրել է ապստամբների հրամանատար Իգոր Ստրելկովը, ով հավելել է, թե մի քանի այլ տարածք վերցրել են իրենց վերահսկողության տակ։

11։55- Դոնեցկում մարտական գործողությունների պատճառով երեք բարձրավոլտ էլեկտրալարեր են վնասվել, ինչի հետևանքով հոսանքազրկվել են քաղաքի բնակելի շենքեր և կարևոր օբյեկտներ, այդ թվում՝ Դոնեցկի ջրի ֆիլտրման կայանը։

11։50- Լուգանսկում տեղեկացրել են, որ վերջին օրերին մարտերի հետևանքով քաղաքում 3 խաղաղ բնակիչ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Բացի այդ, երկու տասնյակից ավել շինություն է զգալի վնասվել։ Լուգանսկի ապստամբները նշում են, որ ուկրաինական կողմը շարունակում է հրետակոծել քաղաքը։

11։40- Գիշերային ժամերին Զապորոժյե քաղաքի բժշկական կենտրոնի մոտ ուժեղ պայթյուն է գրանցվել։ Պայթյունի հետևանքով տուժողներ չեն եղել։ Տեղական ոստիկանության հաղորդմամբ՝ պայթյունը գրանցվել է քաղաքի հայկական եկեղեցու բակում։ Պայթյունից կոտրվել են եկեղեցու հարևանությամբ տեղակայված հիվանդանոցի ապակիները։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում, ոստիկանները ձերբակալել են երկու հոգու, որոնց կասկածում են պայթյունը կազմակերպելու համար, տեղեկացնում է ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

11։30- Ուկրաինային ազգային գվարդիայի հաղորդմամբ՝ Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկ քաղաքում շարունակվում են մարտերն ուկրաինական կողմի և ապստամբների միջև։ Առավոտվա դրությամբ բախումներ են Լիսիչանկա բնակավայրի մոտ, որը Սևերոդոնեցկի հարևանությամբ է։

10:15- Գիշերը մարտեր են ընթացել Դոնեցկի ավտոկայանի մոտակայքում: Լսելի են եղել պայթյունների և կրակահերթերի ձայներ, տեղեկացնում ենականատեսները:

10:10- Ռուսաստանի Դաշնությանը Եվրամիությանն է փոխանցել ՌԴ պաշտպանության նախարարության տվյալները Դոնեցկում մալայզիական ուղևորատար ինքնաթիռի կործանման վերաբերյալ:

09:59- Լուգանսկում գիշերն անհանգիստ է եղել: Քաղաքի տարբեր հատվածներում կրակոցների ձայներ են լսվել, տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *