Նիգերիայում Մի-35 ուղղաթիռ է կործանվել

Նիգերիայում վթարի է ենթարկվել երկրի ռազմաօդային ուժերի Մի-35 ուղղաթիռը, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Ուղղաթիռը վայր է ընկել տեխնիկական անսարքության պատճառով ուսումնական թռիչք կատարելու ժամանակ։

Մի-35. Նիգերիայի ԶՈւ։ Աղբյուր՝ Pedro Rey / AFP

Մի-35. Նիգերիայի ԶՈւ։ Աղբյուր՝ Pedro Rey / AFP

Օդաչուներից մեկը կարողացել է փրկվել, սակայն մյուս օդաչուն և ևս 3 զինծառայողներ զոհվել են։ Ներկայում շարունակվում է ուղղաթիռի վթարի հետաքննությունը։ Նիգերական Մի-35-ը վայր է ընկել Բամա շրջանում, որտեղ Նիգրիայի կենտրոնական իշխանության դեմ ակտիվ պայքար են մղում «Բոկո Հարամ» իսլամիստ խմբավորման անդամները։

Այնուամենայնիվ, Նիգերիայի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները շտապել են հայտարարել, որ ուղղաթիռն ընկել է տեխնիկական խնդիրների պատճառներով և ոչ հակառակորդի գործողությունների հետևանքով, տեղեկացնում է Defense News լրատվակայքը։

Նշենք, որ Մի-35-ը Մի-24-ի արդիականացված տարբերակն է։ Նախատեսված է հակառակորդի զրահատեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև ցամաքային ուժերին և դեսանտայիններին կրակային աջակցություն ցուցաբերելու համար։ Այս ուղղաթիռն օգտագործվում է նաև վիրավորներին տարհանելու և բեռներ տեղափոխելու համար։

Ուղղաթիռը հագեցած է գիշերային տեսողության սարքերով, ինչպես նաև հետախուզության ջերմացույց համակարգերով, որը հնարավորություն է տալիս օրվա յուրաքանչյուր պահի մինչև մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնել և ճանաչել թիրախները։

Մի-35Մ բազմաթիրախային ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 1999 թվականին, սպառազինման է հանձնվել 2000 թվականից։ 1 միավորի արժեքն է մոտ 22.5 մլն ԱՄՆ դոլար։

Անձնակամը 2 հոգի է, ուղևորատարությունը՝ 8 զինծառայող կամ 2 պատգարակ՝ ծանր վիրավորներով և բուժաշխատողով։

Սպառազինված է կառավարվող «օդ-օդ»  և «օդ-մակերևույթ» հրթիռներով, ինչպես նաև չկառավարվող Ս-8, Ս-13 կամ Ս-24 հրթիռներով։ Ուղղաթիռի վրա տեղադրված է նաև 300 մմ փամփուշտներով կրակող ՆՊՈւ-30 թնդանոթային կայան։

Այս ուղղաթիռները համալրում են ՌԴ, Ադրբեջանի, Աֆղանստանի, Բրազիլիայի, Ինդոնեզիայի զինված ուժերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *