Եմենի օդուժը հարվածներ է հասցրել շիական զինված խմբավորման դիրքերին

Եմենի զինուժը սկսել է ավիահարվածներ հասցնել երկրի արևմտյան՝ Ամրան նահանգում շիադավան զինված խմբավորման՝ հուսիթների կողմից գրավված հատվածների ուղղությամբ։ 

Եմենի հուսիթներ

Եմենի հուսիթներ

Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում տալով եմենական լրատվամիջոցներին։ Ըստ աղբյուրի՝ Եմենի ռազմաօդային ինքնաթիռները կետային հարվածներ են հասցրել մասնավորապես Դային լեռան շրջակայքին և երկրի ԶՈւ 310-րդ տանկային բրիգադի շտաբի տեղակայման վայրին, որտեղ էլ հուլիսի 8-ից արյունալի բախումներ են գրանցվել զինվորականների ու զինված հուսիթների միջև։

Հավելենք նաև, որ նույն օրը հուսիթները կրակ են բացել բնակելի տարածքների ուղղությամբ՝ հիմնականում թիրախավորելով Ամրանի նահանգապետի տեղակալ Շեյխ Աբդուրահման աս-Սաարայի տունը։ Հաղորդվում է, որ հրաձգության հետևանքով մեծ թվով զոհեր և վիրավորներ են արձանագրվել, սակայն հստակ թվեր այս պահի դրությամբ չեն հրապարակվել։

Նկատենք, որ հուսիթների խմբավորումն ավելի հայտնի է «Ալ Հուսի» անունով, հիմնականում գործում է երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում, որոնք սահմանակից են Սաուդյան Արաբիային։ Նրանց նպատակն է Եմենի տարածքում զեիդական իմամության ստեղծումը։ Նշենք, որ հուսիթների ազդեցությունը վերոհիշյալ տարածքներում էլ ավելի ընդլայնվեց 2012-ին Եմենի նախագահ ալ-Սալեհի հրաժարականից հետո։

2014-ի հունվարի տվյալներով՝ հուսիթների քանակը հասնում է 120 հազարի։ Նրանց հիմնական կայանատեղին Սաադա լեռնային գավառն է, որտեղ էլ քարոզչություն են տանում երիատասարդների շրջանում։ Ընդ որում, նրանց հետևորդների շարքում են նաև մայրաքաղաք Սանայի շիա բնակչության մեծ մասը։

Եմենի կառավարությունը, բարեկամական հարաբերություններ ունենալով Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հետ, մինչ օրս պնդում է, որ հուսիթներն Իրանի լրտեսներն են։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս հերքել է նման լուրերը։

Հավելենք, որ 2004-2010 թթ. Եմենի կառավարական զորքերը մի քանի անգամ հուժկու բախումներ են ունեցել հուսիթների հետ, ապա 2010-ին կնքել են զինադադարի պայմանագիր։ Սակայն 2011-ի վերջին այսպես կոչված «Արաբական գարնան» մթնոլորտում նոր մարտեր սկսվեցին հուսիթների և «ալ Կաիդայի» համախոհներ համարվող սալաֆիականների միջև։ 2013-ին հուսիթները համաձայնություն են տվել մասնակցելու Եմենի կառավարության կազմակերպած «հաշտեցման երկխոսությանը»՝ հավաստիացնելով, որ իրենք չունեն անջատողական նպատակներ, պարզապես ցանկանում են, որպեսզի «Սանան ճանաչի ու հարգի իրենց իրավունքները»։ Այնուամենայնիվ, 2014-ի հունվարից սկսած հուսիթների հետ բախումները վերսկսվել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *