Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 5

Ուկրաինայի հարավ-արևելքում առաջին անգամ ապրիլի կեսերից, ինչ սկսվել է զինված հակամարտությունը, ուժայինների հաջողվել է մտցնել բեկում։ Ապստամբները ստիպված են եղել լքել Սլավյանսկ քաղաքը, որը համարվում էր ռուսամետ մարտիկների միջնաբերդը։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Կիևյան իշխանությունների կողմնակիցների կազմված «Ազով» գումարտակի մարտիկները

Կիևյան իշխանությունների կողմնակիցների կազմված «Ազով» գումարտակի մարտիկները

16։00-ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է Ուկրաինայի զինված ուժերին պատկանող սպառազինության վերադարձի գործընթացը, մինչև ամբողջությամբ չկարգավորվի հակամարտությունը հարավ-արևելյան շրջաններում։ Հիշեցնենք, որ խոսքը Ղրիմի տարածքում մնացած ուկրաինական սպառազինության մասին է, որը Մոսկվան որոշել էր վերադարձնել Ուկրաինայի զինված ուժերին։

15։20-Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրվել է հաղորդագրություն, որում նշվում է՝ պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախագահ Պորոշենկոյին զեկուցել են, որ Սլավյանսկի քաղխորհդրի շենքի վրա բարձրացվել է Ուկրաինայի ազգային դրոշը։ Քաղաքն ամբողջությամբ ուժայինների հսկողության տակ է։

14։35-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները տարածել են հաղորդագրություն, որում նշում են՝ առավոտյան նահանջը Սլավյանսկից նախօրոք պլանավորված էր։ Մարտիկները նահանջել են նախօրոք պատրաստված և ավելի ապահով դիրքեր։ Նշվում է նաև, որ հետագա դիմադրությունը ուկրաինական բանակի մի քանի հազարանոց ստորաբաժանումներին, որոնք համալրված էին մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկայով՝ անհնար էր։

13։50-Ապստամբների շարասյունը՝ կազմված շուրջ 10 բեռնատարից ու զրահատեխնիկայից, մտել է Դոնեցկ։ Դեռևս չճտված տվյալներով, սրանք ապստամբների այն ստորաբաժանումներն են, որոնք վաղ առավոտյան ստիպված են եղել լքել Սլավյանսկը՝ կարողանալով դուրս գալ ուժայինների շրջափակումից։

13։00-Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ ապստամբներն ի դեմս իրանց հրամանատար Իգոր Ստրելկովի, լքել են Սլավյանսկը։ Ներկայումս քաղաք են մտել Ուկրաինայի ազգային գվարդիայի և ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները։

12։15-նախագահ Պյոտր Պորոշենկոն ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին տվել է հանձնարարություն՝ Սլավյանսկի վրա բարձրացնել Ուկրաինայի ազգային դրոշը։ Նա տեղեկացրել է նաև, որ գիշերն ապստամբները փորձել են լքել շրջափակման օղակը, որը եղել է Սլավյանսկի շուրջ, սակայն ընկնելով ուժայինների ականանետային կրակի տակ՝ կրել են զգալի կորուստներ՝ այդ թվում 2-ական հետևակի և դեսանտի մարտական մեքենաներ։

11։40-Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերն ուժայիններն անցել են լայնամասշտաբ հարձակման Դոնեցկի շրջանում։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հաղորդմամբ, հակաահաբեկչական գործողության արդյունքում հաջողվել է վերահսկողություն սահմանել Դոնեցկի առանցքային նշանակություն ունեցող մի շարք բնակավայրերի նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *