102-րդ ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում այսօր՝ հուլիսի 1-ին, մեկնարկել են հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք տևելու են մինչև այս շաբաթվա ավարտը։ Վարժանքներն ընթանում են Ալագյազ և Կախմուդ բարձրլեռնային զորավարժարաններում։

Ինչպես հաղորդում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զորավարժություններին մասնակցում են ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկա, 600 զինծառայողներ։ Ընդ որում, ըստ աղբյուրի՝ վարժանքների ընթացքում կիրառվելու են տանկեր, զրահամեքենաներ ու հրետանի։

Բացի այդ, զինծառայողների առաջխաղացմանն աջակցելու են հակաօդային պաշտպանության համար նախատեսված Բուկ-Մ1-2 զենիթահրթիռային համալիրը և Ս-300Վ զենիթահրթիռային համակարգը, ինչպես և ՄիԳ-29 կործանիչները։ Հայտնի է նաև, որ ակնկալվում է անօդաչու թռչող սարքերի կիրառում։

Հավելենք, որ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից շեշտել են՝ նմանատիպ զորավարժություններն անցկացվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995-ին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *