Ֆրանսիայում անցկացված Eurosatory-2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է թուրքական «Ռոքեթսան» (Roketsan) ընկերության արտադրած փոքր հեռահարության հրթիռի նմուշը։
Թուրքիան ներկայում աշխատում է HISAR-A (ՀԻՍԱՐ-Ա) անունը կրող փոքր և միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրի նախագծի վրա, որի համար նախատեսված հրթիռն էլ ներկայացվել է ցուցահանդեսին։
Թուրքիան այս ՀՕՊ համակարգի առաջին կրակային փորձարկումն անցկացրել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ին Թուզ լճի մոտակայքի զորավարժարանում։
Թուրքիան սեփական զենիթահրթիռային համակարգի մշակումը սկսել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ» (HISAR-A) նախագծի շրջանակներում։
Ծրագիրն իրականացնում է թուրքական «Ասելսան» (Aselsan) ընկերությունը: Աշխատանքներին մասնակցում է մեկ այլ խոշոր թուրքական ռազմարդյունաբերական ընկերություն՝ «Ռոքեթսանը» (Roketsan), որն էլ զբաղվում է հրթիռների արտադրությամբ։
Ըստ «Ջեյնս» ռազմական հանդեսի՝ համակարգը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին։
Զենիթահրթիռային համալիրի մարտավարատեխնիկական բնութագրերի մասին հստակ տվյալներ դեռ չեն հաղորդվում։