Թալիբները հրթիռակոծել են ՆԱՏՕ-ի ռազմաբազայում Ռումինիայի վարչապետի պատվիրակությանը

Հունիսի 29-ին թալիբները հրթիռակոծել են Աֆղանստանի Կանդագար նահանգի ՆԱՏՕ-ի ռազմաբազան, երբ այնտեղ է եղել Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի գլխավորած պատվիրակությունը։ Պատահարից ոչ ոք չի տուժել։

Ռումինիայի վարչապետը Աֆղանստանում

Ռումինիայի վարչապետը Աֆղանստանում

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով աֆղանական «Համա Պրեսս» գործակալությանը։

Հայտնի է, որ  պատվիրակությունը Աֆղանստանում մասնակցում էր ռումինական զորախմբի հանդիսավոր դուրսբերման միջոցառմանը։ Նշվում է նաև, որ պատվիրակության կազմում են եղել նաև Ռումինիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարները։

«Էական ոչ մի բան չի եղել, ուղղակի ափսոսում եմ, որ մեր զինծառայողների հետ ավելի երկար ժամանակ չկարողացանք անցկացնել։ Դա ոչ էական պատահար էր, որն էլ հատուկ տեսք տվեց միջոցառմանը»,- օրվա վերջում հայտնել էր վարչապետ Վիկտոր Պոնտան։

Տեղեկացնենք, որ Ռումինիան իր 1700 հոգանոց զորախումբը տեղակայել է Աֆղանստանում 2002 թվականի հուլիսից։ Զինծառայողները իրենց ծառայությունն իրականացնում էին ԱՄՆ-ի զորախմբի հետ համատեղ։

Այս տարիների ընթացքում Աֆղանստանում մահացել է ավելի քան 20 զինծառայող, ևս 130-ը վիրավորվել են։

Սոցհարցումների տվյալներով Ռումինիայի հասարակությունը դեմ է զորախմբի ուղարկմանը։ Այդ իսկ պատճառով պաշտպանության Գլխավոր խորհուրդը որոշում էր կայացրել կրճատել զինծառայողների թիվը, իսկ մինչև 2014 թվականի վերջը ամբողջովին դուրս բերել այն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *