«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ««Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին» (Կ-498-23.04.2014-ՊԱ-010/2) օրենքը:

Օրենքի փոփոխությունների արդյունքում սահմանվում է, որ այսուհետ այլընտրանքային ծառայության հնարավորություն կստանան պարտադիր զինվորական ծառայության ենթական այն քաղաքացիները, ովքեր այդ նպատակով իրենց բնակության վայրի զինվորական կոմիսարիատ կդիմեն մինչև հերթական զորակոչին նախորդող մայիս ամսվա ավարտը (փետրվարի փոխարեն) ու մինչև հոկտեմբերի ավարտը (օգոստոսի փոխարեն):

Այսպիսով՝ կերկարացվեն այլընտրանքային ծառայության համար տարածքային զինկոմիսարիատներ դիմելու ժամկետները:

Բացի այդ, օրենքում մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է, որ այլընտրանքային ծառայության անցնելու մասին դիմումը հետ վերադարձնելու կամ դիմումը կրկին անգամ չներկայացվելու դեպքում դիմող քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

Հիշեցնենք, որ «Այլընտրանքային ծառայության մասին» (ընդունվել է 17.12.2003) օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային ծառայության, եթե նրա կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաեւ զենք կրելը, պահելը, պահպանելը եւ օգտագործելը:

Օրենքի փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 10-օրյա ժամկետում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *