Հնդկաստանում ջրից հանել են պայթյունի հետևանքով խորտակված սուզանավը

Հնդկաստանի Մումբայի նավահանգստում հունիսի 6-ին ջրից հանել են Հնդկաստանի ռազմածովային ուժերի դիզել-էլեկտրական շարժիչով աշխատող «Սինդհուրակշակ» սուզանավը։ Այն ջրի տակ էր անցել 2013 թվականի օգոստոսի 14-ի պայթյունի և հրդեհի հետևանքով։

Հնդկաստանի «Սինդհուրակշակ» սուզանավը

Հնդկաստանի «Սինդհուրակշակ» սուզանավը ջրից հանելուց հետո

Սուզանավը ջրից օգնել է հանել ամերիկյան Resolve Marine Group ընկերությունը, որի հետ Հնդկաստանը պայմանագիր էր կնքել 2014 թվակաի հունվարի 31-ին։ Ջրից հանելու ամենամեծ բարդությունն այն է եղել, որ վնասված է եղել հրթիռների և տորպեդոյի լրակազմը պահելու հատվածը։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի Մումբայ նավահանգստում կայանված «Սինդհուրակշակ» (Sindhurakshak) սուզանավում օգոստոսի 14-ի վաղ առավոտյան ուժեղ պայթյուն է հնչել, որից հետո հրդեհ է բռնկվել ու արագորեն տարածվել։

AFP-ի տեղեկություններով` սուզանավի անձնակազմի մի մասը կարողացել է փրկվել։ Նրանք նետվել են ջուրը, որից հետո դեպքի վայրից նրանց դուրս են բերել փրկարարները, սակայն 18 նավաստի էլ արգելափակվել է սուզանավում։
Նշենք, որ 2010 թվականին նույն այս սուզանավը կրկին տուժել էր հրդեհից։ Այն ժամանակ մարտկոցների հատվածում առաջացած հրդեհի հետևանքով մեկ զինծառայող էր մահացել։

«Սինդհուրակշակը» դիզելային վառելիքով աշխատող սուզանավ է։ Կառուցվել է 1995 թվականին Սանկտ Պետերբուրգի «Ադմիրալտեյսկիե վերֆի» ընկերության կողմից Հնդկաստանի պատվերով։

1997 թվականին հնդկական նավատորմի շարքերում է։ Ջրատարողությունը 2325 տոննա է ջրի տակ և 3076 տոննա՝ ջրի վրա։ Երկարությունը 73 մետր է։ Անձնակազմը 53 մարդ է։

Այն 2013 թվականի ապրիլին էր Ռուսաստանից Հնդկաստան վերադարձել. ՌԴ-ում այն վերանորոգում և արդիականացում էր անցել, որով զբաղվել էր Սևերոդվինսկի «ՑՍ Զվյոզդոչկա» ընկերությունը։ «ՌԻԱ Նովոստիի» տվյալներով՝ ՌԴ-ում արդիականացման և վերանորոգման ժամանակ այն զինվել է Club-S հրթիռային համակարգով, Ushush հիդրոակուստիկ համակարգով, CCS-MK-2 ռադիոկապով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *